Sony-ն ցուցադրել է իր յոթ տեղանոց քրոսովերը, որը կարող է սերիական դառնալ, գրում է motor.ru-ն։

Ճապոնական ընկերությունը ստորաբաժանում կունենա, որը սերիական ավտոմեքենաների արտադրությամբ կզբաղվի:

Դեռեւս 2020 թվականին Sony էլեկտրոնային կորպորացիան վստահեցնում էր, որ չի պատրաստվում ավտոմեքենաներ արտադրել։ Սակայն CES-2022 սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ժամանակ ընկերությունը ոչ միայն ներկայացրեց իր երկրորդ կոնցեպտուալ էլեկտրաքարը, այլեւ հայտարարեց Sony Mobility ավտոմոբիլային ստորաբաժանման ստեղծման մասին, որը սերիական ավտոմեքենաներ կստեղծի: Vision-S 02 նոր շոուքարը 4.9 մետր երկարությամբ յոթ տեղանոց քրոսովեր է, որը պատրաստված է երկու տարի առաջ ստեղծված Vision-S 01-ի ոճով:

Vision-S 02-ը կոնցեպտի կարգավիճակում է, եւ դրա արտադրական տարբերակը դեռ հաստատված չէ, սակայն հայտնի է, որ Sony Mobility ավտոմոբիլային ստորաբաժանումն «ապրանքային» ավտոմեքենաների մշակումը կսկսի 2022 թվականի գարնանը։ Ընկերությունն արդեն ձեւավորել է իր սեփական կորպորատիվ դիզայնը. Vision-S 01-ը եւ Vision-S 02-ը կապում են հարթ գծերը, կողքերի անսովոր դրոշմը եւ առջեւի օպտիկան միացնող լուսավորվող գիծը:

Vision-S 02-ի մասին հայտնի է, որ այն շարժվում է երկշարժիչ ագրեգատը. առջեւի եւ հետեւի առանցքների վրա մեկական էլեկտրական շարժիչ է տեղադրված, որոնցից յուրաքանչյուրն 272 ձիաուժ (200 կիլովատ) է արտադրում: Կանգառից մինչեւ ժամում 100 կիլոմետր արագություն էլեկտրաքարը բացում է մոտ հինգ վայրկյանում, իսկ առավելագույն արագությունն էլեկտրոնային եղանակով սահմանափակվում է ժամում 180 կիլոմետրով:

Կարելի է ենթադրել, որ նոր յոթ տեղանոց քրոսովերը կառուցված է այն նույն Magna Steyr ընկերության պլատֆորմի վրա, ինչ չորս տեղանոց Sony Vision-S 01-ը, որի դեբյուտը տեղի էր ունեցել 2020 թվականին։ Երկու էլեկտրաքարերն էլ հագեցած են առաջադեմ ավտոպիլոտով, որը սենսորներ, տեսախցիկներ եւ ռադարներ է օգտագործում ճանապարհին կողմնորոշվելու համար:

Ե՛վ Vision-S 01-ը, ե՛ւ 02 ինդեքսով քրոսովերը որպես խոստումնալից տեխնոլոգիաների ցուցափեղկ են դիրքավորվում ճապոնական էլեկտրոնային կորպորացիայի կողմից, ինչը, սակայն, չի խանգարում Sony-ին սերիական էլեկտրաքարեր թողարկել ապագայում: