Սկսվել է հակատեռոր գործողությունը։ Այս մասին այսօր առավոտյան խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում են նախագահի աշխատակազմի, Անվտանգության խորհրդի, ուժային կառույցների ղեկավարները, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Սկսվել է հակատեռոր գործողությունը։ Իրավակարգի պահպանման ուժերն իրականացնում են լարված աշխատանք։ Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված է երկրի բոլոր շրջաններում։ Տեղի իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Բայց ահաբեկիչները նախկինի պես զենք են կիրառում, վնաս հասցնում քաղաքացիների ունեցվածքին։ Ուստի հարկ է շարունակել հակաահաբեկչական գործողությունները՝ մինչեւ գրոհայինների լիակատար ոչնչացումը»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։

Նիստի ժամանակ քննարկվել են երկրի օպերատիվ իրադրությունը, հակաահաբեկչական գործողության ընթացքը, իրավիճակը շրջաններում։

Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները «ահաբեկիչների» հայտնվելու մասին սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ կորցրին երկրում իրավիճակի վերահսկողությունը։ «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունը մինչեւ հիմա ի վիճակի չգտնվեց անգամ հանդես գալու հայտարարությամբ, չգումարվեց նաեւ Ղազախստանի խորհրդարանը։ Արեւմտյան ԶԼՄ-ները, քաղաքացիական հատվածի եւ ընդդիմության ներկայացուցիչները նախօրեին հայտարարել էին, որ զինվորականները կրակ են բացել  գերազանցապես անզեն երիտասարդների ուղղությամբ։