«Լիդեռ» դրամական փոխանցումների համակարգն այսօր` հուլիսի 15-ին հայտարարություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկի որոշման առթիվ, որով «Լիդեռը» զրկվել է ՀՀ վճարահաշվարկային համակարգին մասնակցելու թույլտվություններից:
Հայտարարության մեջ նշված է. «Համակարգը ՀՀ շուկայում գործում է 2003 թվականից: Հայաստանում համակարգի մասնակիցներ են հանդիսանում 8 բանկեր` ավելի քան 200 կետերով: Այս տարիների ընթացքում համակարգի կողմից գործընկեր-բանկերի հանդեպ պարտավորությունների կատարման ձգձգման դեպքեր չեն եղել: Միայն 2011 թվականին Հայաստանում «Լիդեռ» համակարգով շրջանառությունը մի քանի տասնյակ միլիոն դոլար է կազմել: Այսպիսով, իր գործունեությամբ «Լիդեռ» համակարգը ՀՀ ֆինանսական համակարգի եւ տնեսության կայունությանը չի սպառնում, ինչպես նշված էր հայտարարության մեջ: Հայաստանում գործընկեր-բանկերի հետ աշխատանքի ողջ ընթացքում «Լիդեռ» ընկերությունը տեխնիկական պատճառներով միայն մեկ անգամ է դադարեցրել աշխատանքը ՀՀ բանկերից մեկի հետ: ՀՀ ԿԲ որոշման մասին հայտարարելու պահին համակարգի ղեկավարությունը բանակցություններ էր վարում այդ բանկի հետ` աշխատանքի վերականգնման ժամկետների կապակցությամբ: Լիդեռ համակարգի ղեկավարությունը հույս է հայտնում, որ տվյալ թյուրիմացության պատճառ դարձած բոլոր հնարավոր հակասությունները մոտ ժամանակներս կկարգավորվեն»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հուլիսի 11-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում էր ընդունել ուժը կորցրած ճանաչել «Լիդեռ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ ԿԲ կողմից տրված թույլտվությունները` ֆինանսական համակարգի կայունությունը, իրացվելիությունը եւ վճարունակությունը վտանգելու պատճառաբանությամբ:




























