Մեքսիկայի իշխանություններն առաջարկել են ԱՄՆ-ին դիտարկել Եվրամիությանը (ԵՄ) նման միություն ստեղծելու հնարավորությունն Արեւմտյան կիսագնդում։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեքսիկան ԱՄՆ-ին առաջարկել է դեպի միություն շարժվել, որն ավելի շատ նման կլինի ԵՄ-ին։ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (ԱՊԿ) արդեն շատ է հնացել <...> Այնպես որ, առաջարկվել է մեկ այլ բան ստեղծել, բայց դա կախված կլինի այն ուժից, որը մենք՝ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրները, միասին կցուցաբերենք։ Եթե ​​մենք միասնական լինենք, մեզ դա կհաջողի»,- ասել է նա լրագրողներին Արգենտինա կատարած այցի ժամանակ, որտեղ կայացել է Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի համայնքի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Անցյալ հուլիսին Մեխիկոյում  Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի համայնքի գագաթնաժողովին Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կոչ արեց Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներին աշխատել տարածաշրջանում ավելի մեծ ինտեգրման ուղղությամբ եւ առաջարկեց, որ նրանք քննարկեն Եվրոպական Միության անալոգի ստեղծումը, որը կփոխարիներ ԱՊԿ-ին:

ԱՊԿ-ն Արեւմտյան կիսագնդի առաջատար միջկառավարական ֆորումն է: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում։ ԱՊԿ-ին հաճախ մեղադրում են քաղաքականացված լինելու մեջ։