Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարգադրել է պաշտոնական պատվիրակություն ուղարկել Իրան՝ քաղաքական եւ տնտեսական հարցերի շուրջ բանակցությունների համար։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Թուրքմենստանի պետական TDH լրատվական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բերդիմուհամեդովի հրամանով պատվիրակությունը գործուղվել է Թեհրան՝ «աշխատանքային հանդիպումներ անցկացնելու Թուրքմենստանի եւ Իրանի միջեւ հաստատված հարաբերությունների կարեւոր ոլորտների շուրջ», հաղորդում է գործակալությունը։

«Պետության ղեկավարը հրամանագիր է ստորագրել հունվարի 8-9-ը Իրանի Իսլամական Հանրապետություն Թուրքմենստանի կառավարական պատվիրակության գործուղելու մասին եւ փաստաթուղթը թվային համակարգով ուղարկել է փոխվարչապետ-արտաքին գործերի նախարարին (Ռաշիդ Մերեդով- ՏԱՍՍ-ի նշում)՝ համապատասխան ղեկավարներին տեղում քաղաքական եւ տնտեսական հարցերի շուրջ կառուցողական բանակցություններ վարելու կոնկրետ հանձնարարականներ տալով»,- նշում է TDH-ը:

Իրան այցի ընթացքում թուրքմենական պատվիրակության քննարկելիք կոնկրետ հարցերի մասին գործակալությունը չի հաղորդում։