Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ուղեւորների թիվը կրճատվել է շուրջ 14 տոկոսով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը՝ այս երեւույթը պայմանավորելով ոչ այնքան մետրոյի ուղեվարձի կրկնակի թանկացմամբ, որքան «պասիվ սեզոնով»:
«Ամռան ամիսներն ուղեւորահոսքի համեմատաբար պասիվ շրջան են համարվում, երբ ուսանողներն ու քաղաքաբնակները հանգստանում են, հետեւաբար ավելի քիչ թվով մարդիկ են օգտվում մետրոպոլիտենի մատուցած ծառայություններից։ 14 տոկոսի հանգամանքը բացատրվում է նաեւ այս տարի կառավարության որոշմամբ` Սահմանադրության օրվա առթիվ հայտարարված եւ հանգստյան օրերի պարագայով։ Ակնհայտ է նաեւ, որ մետրոյից օգտվող ուղեւորների թիվը զգալիորեն նվազում է շաբաթ եւ կիրակի օրերին»,- նկատեց Նինել Վարդանյանը։
Հարցին, թե ուղեւորների հոսքի նվազման թվարկված բոլոր պատճառների շարքում չի՞ տեսնում արդյոք սակագնի կրկնակի թանկացման «մեղքը», մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը նկատեց. «Բնականաբար, ուղեվարձի բարձրացումը թվի որոշակի կրճատման կարող է բերել, սակայն սակագնի թանկացման դեպքում մետրոյից օգտվողների՝ նույնիսկ 50 տոկոս կրճատումը նորմայի սահմաններում է։ Սա նաեւ նշանակում է, որ մեր ծախսերը 50 տոկոսով կկրճատվեն»,- ամփոփեց Վարդանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հուլիսի 1-ից մետրոյի ուղեվարձը դարձել է 100 դրամ` նախկին 50 դրամի փոխարեն: Սա վերջին ութ տարիների ընթացքում ուղեվարձի թանկացման առաջին դեպքն է։ Դրանից առաջ մետրոյի սակագինը 40-ից 50 դրամի բարձրացել էր 2003 թվականին։
Հատկանշական է, որ «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով, մետրոպոլիտենի սակագնի թանկացումից հետո տրանսպորտի այդ տեսակով երթեւեկողների թիվը պակասել է 10-20 տոկոսով: Նա իր տվյալները հիմնավորել էր երեւանցիների շրջանում կատարված հարցումներով:




























