Ավելի վաղ Viber մեսենջերի մշակողները ազդարարել էին անձնական չատերում, ինչպես Instagram-ում, հաղորդագրությունների արձագանքների ներմուծման մասին։ Նրանք կատարել են իրենց խոստումը, եւ այժմ օգտատերերը կարող են անձնական զրույցներում էմոջի տեղադրել ցանկացած նամակի համար, գրում է Planet Today-ը։
Գործառույթն արդեն հիմա կարելի է փորձել՝ դրա համար հարկավոր է սեղմած պահել հենց հաղորդագրության կողքի սրտիկը: Արդյունքում սրտիկի վերեւում կհայտնվի լողացող պատուհան՝ հասանելի արձագանքներով: Ընտրելու համար առաջարկվում է հինգ էմոջի՝ ստանդարտ մանուշակագույն սիրտ, ծիծաղ, զարմանք, տարակուսանք եւ զայրույթ:
Ըստ մշակողների՝ սա հարմար է այն դեպքերում, երբ ժամանակ չի լինում լրիվ տեքստով պատասխանել բոլորովին աննշան հաղորդագրությանը։ Այն նաեւ օգտակար է ընկերոջ ուղարկած զվարճալի տեսանյութը կամ մեմը գնահատելիս:
Հարկ է նշել, որ Viber-ի մշակողները WhatsApp-ի մշակողների հետ միասին փորձում են վերականգնել իրենց նախկին ժողովրդականությունը՝ ներդնելով նոր հնարավորություններ եւ գործառույթներ։ Արձագանքները բացառություն չեն:
Բջջային մեսենջերների շուկայում ներկայումս առաջատարը Telegram-ն է՝ իր հարմար ինտերֆեյսով եւ բազմաթիվ հնարավորություններով: Օրինակ, նախկինում գրել էինք, որ Պավել Դուրովի մեսենջերում ներդրվել են բազմաթիվ նոր գործիքներ, ինչպիսիք են ավտոմատ թարգմանությունը եւ պաշտպանությունը սփոյլերներից:





























