Խորվաթիայի քաղաքացիական պաշտպանության ազգային շտաբը կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով խստացրել է սահմանափակիչ միջոցները, դրանք ուժի մեջ են մտել երկուշաբթի, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Վերջին շաբաթներին Խորվաթիայում վարակվածների թիվը կրկնապատկվել է եւ ավելի շատացել վերջին յոթ օրում։
«Արգելվում են զանգվածային հավաքները եւ ավելի քան 50 մարդուց (մինչ այդ՝ 100) բաղկացած միջոցառումները բաց տարածքում։ Քովիդ-վկայականների առկայության դեպքում տեղի ճգնաժամային շտաբների թույլտվությամբ հավաքներին կարող է մասնակցել 200 մարդ»,- շտաբի որոշումը մեջբերում է ՆԳՆ-ն։
Միջոցառումները փակ տարածքներում սահմանափակվում են 25 մարդով՝ նախկին 50-ի փոխարեն, քովիդ-վկայականների առկայության դեպքում եւ տեղի շտաբի թույլտվությամբ՝ 100 մարդ։ Մարզական միջոցառումներին հանդիսատեսների թույլատրելի թիվը 40 տոկոսից իջեցվել է 20-ի։ Դիմակներ կրելը պարտադիր է պաշտոնական եւ մշակութային բոլոր միջոցառումների ժամանակ՝ անկախ քովիդ-վկայականի առկայությունից։


























