Signal մեսենջերի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մոքսի Մարլինսփայքը հայտարարել է գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին։ Պաշտոնը ժամանակավորապես փոխանցվել է WhatsApp-ի համահիմնադիր, միլիարդատեր Բրայան Էքթոնին, ով Signal Foundation-ի խորհրդի անդամ է հանդիսանում։ Այս մասին հաղորդվում է ընկերության բլոգում։
Մարլինսփայքը պարզաբանել է, որ նախագծով զբաղվել է մոտ տասը տարի, սակայն վերջերս դադարել է մասնակցել մշակմանը։ Նա թոշակի անցնելու իր որոշումը կարեւոր քայլ է անվանել Signal-ի հաջողության ընդլայնման համար: «Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես խոսել եմ տարբեր թեկնածուների հետ, բայց հիմա ցանկանում եմ պաշտոնապես բացել թափուր տեղը, որպեսզի օգնեմ գտնել լավագույն մարդուն առաջիկա տասնամյակում Signal-ի գործադիր տնօրենի պաշտոնի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ընկերության ղեկավարը նշել է նաեւ, որ կմնա Signal-ի տնօրենների խորհրդում եւ կմասնակցի մեսենջերի նոր ղեկավարի որոնմանը։
Ավելի վաղ աշխարհում ամենաանվտանգներից ճանաչված Signal մեսենջերում խոցելիություն էր հայտնաբերվել, որը վտանգի էր ենթարկում դրա օգտատերերի նամակագրության գաղտնիությանը։
Signal մեսենջերը հայտնվել է 2014 թվականին եւ մինչեւ 2015 թվականը կոչվում էր TextSecure։ Հավելվածն իր ամենամեծ պոպուլյարությունը ձեռք էր բերել 2021 թվականին, երբ WhatsApp-ը թարմացրեց իր գաղտնիության քաղաքականությունը։





























