ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել ստորջրյա խողովակաշարի առնչությամբ, որը նախատեսված է Եվրոպային Միջերկրական ծովի արեւելքից բնական գազ մատակարարելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հունաստանի կառավարության աղբյուրներին։

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ վերջերս Վաշինգտոնը իր մտահոգությունների մասին հայտնել է Հունաստանին ուղղված նոտայում:

Միջերկրական ծովի արեւելյան հատվածում գազի պաշարների վերաբերյալ մրցակցային պահանջները Թուրքիայի եւ Կիպրոսի միջեւ լարվածության աղբյուր են: Թուրքիան դեմ է գազատարի նախագծին։

Հունաստանը, Կիպրոսը եւ Իսրայելը հավանություն են տվել EastMed գազատարի մասին համաձայնագրին, որը պլանավորվում էր արդեն մի քանի տարի։ Երկրները ցանկանում էին վերջնական ներդրումային որոշումը այս տարի կայացնել եւ մինչեւ 2025 թվականը ավարտին հասցնել 6 միլիարդ եվրոյի սխեման, որպեսզի օգնեն Եվրոպային դիվերսիֆիկացնել իր էներգետիկ ռեսուրսները:

«Ամերիկյան կողմը հունական կողմին EastMed գազատարի հիմնավորման վերաբերյալ վերապահումներ է հայտնել եւ հարցեր է բարձրացրել դրա տնտեսական կենսունակության ու բնապահպանական խնդիրների վերաբերյալ»,- ասել է աղբյուրներից մեկը:

Հունական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ-ը կասկածներ ունի գազատարի հետ կապված։

Դրանք հակասում են դեռեւս 2020 թվականի դեկտեմբերին ԱՄՆ այն ժամանակվա նախագահի մեկնաբանություններին։ Էներգետիկայի նախարար Դեն Բրյուեթն ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի «ապահովի ենթակառուցվածքների զարգացումը»:

Պաշտոնյայի խոսքով՝ Հունաստանն ի գիտություն է ընդունել Վաշինգտոնի տեսակետը։ «Հունական կողմն ընդգծել է, որ այս նախագիծը Եվրամիության կողմից հռչակվել է որպես «հատուկ նախագիծ», եւ դրա կենսունակության վերաբերյալ ցանկացած որոշում տրամաբանորեն տնտեսական հետեւանքներ կունենա»,- ասել է պաշտոնյան։

Ակնկալվում է, որ 1900 կմ երկարությամբ նախագիծը, որը նախատեսված է նվազեցնելու Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից, սկզբնական շրջանում Եվրոպային տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի:

Պաշտոնյան ասել է, թե Միացյալ Նահանգները կարծում է, որ առաջնահերթությունը պետք է տրվի տարածաշրջանի էլեկտրացանցերի միավորմանը: