ՀՀ կառավարությունն առաջարկում է օպերատիվ որոշումներ կայացնելու անհրաժեշտության դեպքում դյուրացնել պետական ​​գնումների ընթացակարգը։ Այս մասին հունվարի 12-ին «Պետական ​​գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ օրինագիծը հնարավորություն է տալիս օպերատիվ արձագանքել արտակարգ իրավիճակներից բխող խնդիրներին։ «Գործող կանոնակարգը սահմանում է, որ շինարարական աշխատանքների համար միջոցներ են հատկացվում փորձաքննություն անցած նախագծային-հաշվարկային փաստաթղթերի հիման վրա»,-պարզաբանեց Ավանեսյանը։ 

Պաշտոնյայի խոսքով՝ արտակարգ իրավիճակների դեպքում ժամկետների սղության պատճառով գործնականում անհնար է դառնում ապահովել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի օպերատիվ մշակումն ու հավաքագրումը։ Ուստի շինարարական աշխատանքների համար միջոցների հատկացման գործընթացներն առաջարկվում է իրականացնել առանց նախագծային-հաշվարկային փաստաթղթերի եւ կառավարության որոշման հիման վրա։

«Սակայն դա կարվի միայն այն դեպքում, երբ առկա է մարդկանց բնականոն կենսագործունեության խաթարման, զգալի մարդկային եւ նյութական կորուստների, ինչպես նաեւ շրջակա միջավայրին վնաս պատճառելու վտանգ»,-ընդգծեց փոխնախարարը։

Խորհրդարանական մշտական ​​հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս օրենսդրական նախաձեռնությանը։