Այս տարի «Ոսկե ծիրանի» շրջանակներում մի քանի հետաքրքիր ռեժիսորների ֆիլմերի հետահայաց ցուցադրություն կազմակերպվեց: Նրանց թվում էր հանրահայտ հունգարացի ռեժիսոր Բելա Տարրը: Նա հայ հանդիսատեսին ներկայացրեց իր «Թուրինյան ձի» կինոնկարը, իսկ այսօր, հուլիսի 16-ին հանդիպեց լրագրողների հետ: Ինչպես ֆիլմի քննարկման ժամանակ, այնպես էլ մամլո ասուլիսի ընթացքում Տարրը խոսում էր կյանքի իմաստի, մարկային էության եւ գոյության անտանելի «ծանրության» մասին: «Մենք բոլորս էլ գնում ենք դեպի մահը, նույնիսկ եթե դա չենք նկատում- ասաց ռեժիսորը: - Մահվան այդ սպասումն է, որ արտացոլվել է իմ «Թուրինյան ձի» ֆիլմում»:
Այն հարցին, թե ինչ տարբերություն կա պոպուլյար կինոյի եւ իր ֆիլմերի միջեւ, Տարրը պատասխանեց. «Պոպուլյար կինոյում գերիշխում են պատմությունները, այնտեղ ինֆորմացիոն գրոհ կա: Սակայն այդ ֆիլմերը նման են ֆասթ-ֆուդի, իսկ այստեղ, Հայաստանում, նույնիսկ ավելորդ է խոսել ֆասթ-ֆուդի եւ տանը պատրաստած կերակուրների միջեւ եղած տարբերության մասին»:
Այսօր երեկոյան Բելա Տարրը «Ոսկե ծիրանի» մյուս հյուրերի հետ կմասնակցի փառատոնի փակման արարողությանը:




























