Առողջապահության նախարարության կողմից սահմանված չափորոշիչների համաձայն՝ Շտապօգնության բուժանձնակազմը կանչի հասցե պետք է հասնի առավելագույնը 7- 12 րոպեի ընթացքում, նշված հասցեում պետք է մնա եւ հիվանդի պաթոլոգիան որոշի 20 րոպեում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման մանրամասներ ներկայացրեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Նշված 20 րոպեների ընթացքում բուժանձնակազմը պետք է կողմնորոշվի` պե՞տք է հիվանդին տեղափոխել հիվանդանոց, թե ոչ, ինչից հետո կամ պետք է վերադառնա կամ գնա մեկ ուրիշ կանչ սպասարկելու»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ «Շտապօգնության» Երեւան քաղաքի բոլոր 7 ենթակայանները զինված են ընդհնաուր առմամբ 10 ռեանիմոբիլներով ու 25 գծային մեքենաներով, ինչը թույլ է տալիս հիվանդներին շտապ ու որակյալ բուժօգնություն ցուցաբերել։

«Այլ բան է, որ ինչ-ինչ պատճառներով՝ նեղ ու անանցանելի փողոցներ, անբարեկարգ բակեր, անմխիթար վիճակում գտնվող վերելակներ, երթեւեկության խցանումներ ու շտապ օգնության մեքենային ճանապարհ չզիջող անտարբեր վարորդներ, կանչը կարող է ուշանալ։ Սա, իհարկե, կարող է հիվանդի հարազատների «մունաթի» պատճառ դառնալ։ «Մունաթ» գալիս են մեզ զանգահարելու հենց նույն րոպեից, սպառնում են, թե «գալու եք, գլուխներդ ջարդենք, սպանենք», հաճախ հայհոյանքներ են լինում։ Ասվածի մասին վկայում են նաեւ մեր ձայնագրությունները»,- պատմեց Թագուհի Ստեփանյանը։

Նշենք, որ վերջերս Չինաստանից Հայաստան ժամանակակից տեխնիկայով հագեցած շտապօգնության 88 մեքենա է բերվել, որոնք հավասարաչափ բաշխվել են Երեւանի եւ մարզերի բուժհաստատությունների միջեւ։ Ժամանակակից մեքենաների առաքումը Հայաստան ենթադրում է նաեւ մասնագետների վերապատրաստման աշխատանքներ։ Նախատեսվում է նաեւ վարորդների վերապատրաստում: Նրանք նույնպես պետք է ներգրավվեն առաջին բուժօգնության գործընթացի մեջ եւ պարտադիր տիրապետեն առաջին բուժօգնության գիտելիքներին: