Կապանում հուլիսի 16-ին փլված թիվ 2 ավագ դպրոցի վերաբերյալ մասնագիտական կառույցներն իրենց եզրակացությունները կտան առաջիկա 10-12 օրվա ընթացքում, որից հետո քննարկման արդյունքում կորոշվի` կառուցել նոր դպրո՞ց, թե՞ վերանորոգել կիսաքանդ դպրոցը: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին, Կապան այցելության ժամանակ ասել է Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, հաղորդում է NEWS.am-ի Կապանի թղթակիցը:

Վարդան Վարդանյանը նշեց , որ անպայման պետք է երկրաբանական ուսումնասիրություններ եւս արվեն: Այցի ժամանակ քաղաքաշինության նախարարը Սյունիքի մարզպետի եւ այլ պաշտոնյաների հետ շրջել է շենքում եւ մանրամասն ծանոթացել տարածքին: Ներկա էին նաեւ քաղաքաշինական պետական տեսչության Սյունիքի մարզային կառույցի աշխատակիցները:

Նշենք, որ այժմ դպրոցում շինարարությունը դադարեցված է, իսկ նոր ուսումնական տարում պարապմունքները կանցկացվեն թիվ 1 եւ 6 դպրոցներում, մինչ դպրոցը կա’մ վերանորոգվի կա’մ նոր դպրոց կառուցվի:

Հիշեցնենք,որ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքը  հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 8.40-ի սահմաններում մասնակիորեն փլվել է: Դպրոցի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ  փլվելու ժամանակ շենքի ծայրամասում եւ հարակից տարածքում մարդիկ են եղել, որոնք, բարեբախտաբար, վնասվածքներ չեն ստացել, տուժողներ չկան:

«Փլվել է շենքի միջնամասը, հետեւի մասը, նիստերի դահլիճից մինչեւ ճաշարան հատվածը: Շենքը վերանորոգման մեջ էր, նախագծերը պատրաստ էին, շինարարությունը նոր-նոր սկսվում էր, այդ հատվածը պետք է հեռացնեին: Շենքի հետեւի պատը տարիներ շարունակ ճաքճքած վիճակում է եղել, տարիների ընթացքում թուլացել էր, վտանգավոր էր, դրա համար էլ մտածում էինք, որ դա պետք է հեռացվի»,- մեզ հետ զրույցում ասել էր տնօրենը: Այնտեղ այժմ քանդված վիճակ է, որոշ սենյակներ, գույք եւ սյուներ վնասվել են, սպասում են` մասնագետներ գան եւ որոշեն վնասի չափը: