Այսօրվա դրությամբ, հանրապետությունում 4461 տաքսի ավտոմեքենա կա: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան` հայտնեցին Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից: Նրանք նշեցին, որ այս թիվը շատ փոփոխական է:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ Հայաստանի ամբողջ տարածքում ներկայումս գործում են 518 լիցենզավորված մարդատար-տաքսի կազմակերպություններ եւ 1358 անհատ տաքսի-ծառայություններ: Ընդհանուր առմամբ, ուղևորափոխադրումներ են իրականացնում 7912 տաքսի մեքենաներ:
Իսկ թե ինչո՞ւ ՊԵԿ-ի եւ նախարարության ներկայացրած տվյալների մեջ այսպիսի տարբերություն կա, նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ 7912-ի մեջ մտնում են նաեւ այն տաքսիները, որոնց լիցենզիաները կասեցվել են: «Հավանաբար թվերի տարբերության պատճառը դա է, այդ թիվը շատ արագ է փոփոխվում, օրինակ` մեքենան կարող է չաշխատել եւ լիցենզիան կդադարեցվի, իսկ վերանորոգումից հետո այն վերականգնվում է»,- ասաց Սուսաննա Տոնոյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ն անդրադարձել էր հայաստանյան տաքսի ծառայությունների անվանումներին: Նշենք, որ տաքսի ծառայությունների անունների ոլորտում խառնաշփոթը հետեւանք է այն բանի, որ ոչ «Լեզվի մասին» օրենքով, ոչ «Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգով» տաքսի ծառայությունների անունների հետ կապված որեւէ բան նախատեսված չէ:




























