ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է Եմենում միջազգային կազմակերպության հինգ աշխատակիցներին առեւանգելու մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

«Մեզ հայտնի է այդ դեպքի մասին, սակայն հասկանալի պատճառներով՝ մենք չենք պատրաստվում մեկնաբանել»,-հայտարարել է նա՝ չներկայացնելով մանրամասներ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները, վկայակոչելով եմենցի պաշտոնյաներին, հաղորդել են, որ առեւանգիչները, որոնք կասկածվում են «Ալ Քաիդայի» ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ, առեւանգել են ՄԱԿ-ի հինգ աշխատակիցներին Եմենի հարավում:

Նրանց ուրբաթ երեկոյան Աբյան նահանգից տարել են անհայտ ուղղությամբ: Առեւանգվածներից չորսը եմենցի է, մեկն օտարերկրացի:

Եմենում ՄԱԿ-ի հումանիտար օգնության համակարգողի ներկայացուցիչ Ռասել Գիքին հայտարարել է, որ ՄԱԿ-ը սերտ կապի մեջ է իշխանությունների հետ աշխատակիցներին ազատագրելու համար: