Հունգարիան կոչ է անում իր քաղաքացիներին գնահատել դեպի Ուկրաինա ուղեւորությունների անհրաժեշտությունը եւ հնարավորինս հետաձգել դրանք, հաղորդում է հունգարական հյուպատոսական ծառայությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Խորհուրդներ դեպի Ուկրաինա ճամփորդողներին. վերջին օրերին Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության պատճառով խնդրում ենք քաղաքացիներին գնահատել ուղեւորությունների անհրաժեշտությունը եւ հնարավորինս հետաձգել դրանք: Եւս մեկ անգամ հրավիրում ենք քաղաքացիների ուշադրությունն առ այն, որ, եթե նրանք, այնուամենայնիվ, որոշեն մեկնել կամ մնալ այդ տարածաշրջանում, ապա խնդրում ենք գրանցվել հյուպատոսական պաշտպանություն ստանալու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Երկրում ճանապարհորդներին ու հայրենակիցներին խորհուրդ է տրվում ուշադիր հետեւել տեղական լուրերին ու սոցիալական ցանցերին, ինչպես նաեւ իշխանությունների ցուցումներին:

«Եթե որեւէ մեկը որոշի ուղեւորվել այդ երկիր կամ մնալ այդտեղ՝ չնայած հյուպատոսական ծառայության կոչերին, ուշադրություն դարձրեք, որ անվտանգության հետ կապված իրավիճակի հետեւանքով հյուպատոսական ծառայությունը չի կարող երաշխավորել օգնության ցուցաբերումը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ավելի քան երեք տասնյակ երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին հեռանալ Ուկրաինայի տարածքից: