Գերմանիայի դաշնային ժողովը վերընտրել է հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրորդ ժամկետով: Կիրակի նիստի հեռարձակումը վարել են գերմանական հեռուստաալիքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դաշնային ժողովն անցկացնում է նիստ, որպես կանոն, հինգ տարին մեկ անգամ միայն երկրի նախագահին ընտրելու համար: Այդ սահմանադրական մարմինը բաղկացած է Բունդեսթագի պատգամավորներից եւ դաշնային հողերի խորհրդարանների ներկայացուցիչներից: Այս անգամ նիստին մասնակցել է 1472 օրենսդիր: Շտայնմայերը ստացել է 1 045 ձայն: Ի սկզբանե նրա թեկնածությունը սատարել են գրեթե բոլոր խոշոր կուսակցությունները
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը երկրի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Մաքս Օտեին, Ձախակողմյան կուսակցությունը՝ Գերհարդ Թրաբերտին, Ազատ ընտրողները՝ Շտեֆանի Գեբաուերին: Ինչպես նշում են տեղի դիտորդները, նրանք հաղթելու շանսեր չունեին:





























