Կիրակի Խորվաթիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել երկրի քաղաքացիներին հեռանալ Ուկրաինայի տարածքից այդ երկրի շուրջ լարվածության աճի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Խորվաթիայի քաղաքացիներին առաջարկվել է կապ հաստատել դեսպանատան հետ (Կիեւում), ինչպես նաեւ ժամանակավորապես լքել Ուկրաինան»,-լրագրողներին հայտարարել է հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանը:

Նախարարի խոսքով՝ ներկայում Ուկրաինայում գտնվում է Խորվաթիայի 114 քաղաքացի: «Կիեւում 50 մարդ է, երկրի արեւմուտքում՝ 25, արեւելքում՝ 25 քաղաքացի: Ավելին, ԵԱՀԿ առաքելությունում կա Խորվաթիայի 14 քաղաքացի: Ընդհանուր առմամբ Ուկրաինայում կա Խորվաթիայի 114 քաղաքացի»,-նշել է Ռադմանը:

Խորվաթիայի ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է, որ Կիեւում երկրի դեսպանատունը փակելու անհրաժեշտություն դեռ չկա՝ չնայած, նրա խոսքով, Ուկրաինայի շուրջ իրավիճակը մնում է անկանխատեսելի: