Կիրակի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, որը տեւել է շուրջ 50 րոպե: Այդ մասին հաղորդել են Սպիտակ տնից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահ Զելենսկու հետ Բայդենի հեռախոսազրույցն ավարտվել է: Նրանք զրուցել են ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով 11:06-ից մինչեւ 11:57-ը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Սեգոդնյա» թերթը հաղորդել էր, որ Զելենսկու ու Բայդենի հեռախոսազրույցը մեկնարկել է Կիեւի ժամանակով 18:00-ին:

Նախքան հեռախոսազրույցը Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտնել էր, որ Բայդենի ու Զելենսկու բանակցությունները կկայանան առաջիկա ժամերի ընթացքում: Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդները զրույցի ընթացքում մտադիր էին քննարկել անվտանգության շուրջ իրավիճակն ու ապաէսկալացիայի ուղղությամբ ընթացիկ դիվանագիտական ջանքերը:

Դա Զելենսկու ու Բայդենի երրորդ զրույցն է այս տարվա ընթացքում. նախագահները հեռախոսազրույցներ են անցկացրել հունվարի սկզբին եւ վերջին: