Այսօր մենք բանակցում ենք «Գազպրոմ» ընկերության հետ եւ ունենք նախնական պայմանավորվածություն, որ մեր գազի գինը 1000 խմ-ի համար լինելու է 180 դոլար: Բանակցությունները շարունակվում են, եւ հետեւելով շուկայի արձագանքին, թե ինչպիսին կլինեն նավթի ու գազի գները, հնարավոր են նաեւ փոփոխություններ: Բայց մենք պատրաստում ենք մեր ռազմավարությունըч 180 դոլար գնից ելնելով",- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանը: Իսկ դիտարկմանը, թե որքանով են իրականությանը համապատասխանում խոսակցությունները, թե գազի համեմատաբար ցածր գին (200 դոլարի փոխարեն 180 դոլար) սահմանելու համար ռուսական կողմը երաշխիքներ է պահանջում, որ նոր ատոմակայանի կառուցումը իրենց հանձնվի, Կ. Կարապետյանն արձագանքեց. «Այնքան անլուրջ բաներ ենք լսում մամուլում: Ատոմակայանը գազի գների հետ որեւիցե կապ չունի»:

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանը ռուսական գազը գնում է 100 խմ-ի համար վճարելով 154 դոլար: 2010 թվականից այն պետք է դառնար 200 դոլար, սակայն, հնարավոր է, որ դառնա 180 դոլար:

«Նախ ասեմ, որ 180 դոլարը տարածաշրջանում լինելու է լավագույն գինը, բայց մենք հայերս անընդհատ պահանջում ենք, որ ամբողջ աշխարհը մեզ վերաբերվի այլ ձեւով: Դա անհեռանկարային ու ձանձրացնող պահելաձեւ է: Կամաց-կամաց պետք է խոսել տնտեսական կատեգորիաներով. Ես պնդում եմ, որ „Հայռուսգազարդ“-ի 12 տարվա ընթացքում Հայաստանն ունեցել է առանձնահատուկ գազի գին: 12 տարվա մեջ Հայաստանը պետք է նախապատրաստվեր, որ ինքը պետք է ի վերջո անցնի շուկայական հարաբերությունների, չի կարելի ապրանքը վաճառել ավելի էժան, քան այն գնում են ամբողջ աշխարհում` լինի օղի, մեքենա թե գազ, եւ մենք մեր տնտեսությունը պետք է պատրաստենք դրան: Բայց նույնիսկ այդ պարագայում, 2010 թվականին Հայաստանի համար նույն միտումը շարունակվելու է, քանի որ 180 դոլարն արդեն արտոնյալ գին է»,- հայտարարեց «Հայռուսգազարդի» ղեկավարն ու ընդգծեց. "Այսքանը որ ես ասում եմ, ինձ համար լիքը խնդիրներ եմ ստեղծում, որովհետեւ հաջորդ օրը իմ գործընկերներն ինձ ասելու են. «Դու մեզ անընդհատ մի վիճակի մեջ ես մտցնում, որ մենք պետք է արդարանանք, թե ինչի է Հայաստանի համար դա այդպես: Բայց ցավոք, մեկ-մեկ դա պետք է ասել»: