Ես ամենաշատն եմ շահագրգռված 44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտմամբ։ Իմ կյանքի հիմնական նպատակը օբյեկտիվ հետաքննությունն է։ Այս մասին Ազգային ժողովում փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով պատերազմում որդուն է կորցրել։
Սակայն այս ձեւաչափը, ինչպես կարծում է պատգամավորը, բոլորովին այլ նպատակ է հետապնդում։
«Նրանք մեղավոր նշանակելու խնդիր են դրել»,- նշեց Նազարյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը ցանկացած պահի կարող է ծանոթանալ հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին, քանի որ ԱԺ կանոնադրությունը նման հնարավորություն ընձեռում է։
Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ որպես փորձագետ ներգրավված է եղել ՊՆ-ի նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նազարյանի խոսքով՝ Հովհաննիսյանը պետք է հանդես գա որպես պատասխանող կողմ, այլ ոչ երբեք՝ որպես դատավոր։
«Որպես փորձագետ ներգրավվել է ՌԷՊ ուժերի հրամանատարը, ում դեմ ժամանակին քրեական գործ է հարուցվել։ Այսպե՞ս եք ուզում «օբյեկտիվ» հետաքննություն անցկացնել»,- հռետորական հարց տվեց Նազարյանը՝ հիշատակելով նաեւ ԼՂՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին, որին նույնպես ցանկացել են որպես փորձագետ ներգրավել։





























