ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է մի մրցույթ, որի պահանջներին բավարարել են կոնկրետ մեկ ընկերության՝ գերմանական ROHDE@SCHWARTZ-ի (R&S) սարքավորումները:

NEWS.am-ի հետ զրույցում Գնումների աջակցման կենտրոնի հիմնադիր, «Հիբրիդ Տելեմատիկա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հասմիկ Ենգոյանը պատմեց, որ իրենք բողոք են ներկայացրել գնումների հետ կապված բողոքներ քննող անձին, քանի որ գտնում են` այդ մրցույթի հրավերը խտրական է և ոչ մրցակցային:

«Բողոք է ներկայացվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարած մի մրցույթի վերաբերյալ, որի առարկան է տարածքային, բազային եւ շարժական ռադիոմոնիթորինգային համակարգի ներդրման աշխատանքների ձեռքբերումը։ Մենք վիճարկել ենք մրցութի հրավերը, քանի որ գտնում ենք, որ մրցույթի հրավերը խտրական է, հակամրցակցային և հարմարացված կոնկրետ մեկ ընկերության։ Այսինքն՝ այլ ընկերություն այս մրցույթին մասնակցելու հնարավորություն չունի։ Մրցույթի հրավերը նախատեսում է համակարգի մատակարարում և տեղադրում։

Այդ ոլորտում մասնագիտացված ցանկացած ընկերություն կարող է իրականացնել այդ աշխատանքը, բայց պահանջել են, որ տեղադրվեն կոնկրետ սարքավորումներ, կայաններ, ալեհավաքներ։ Երբ այդ սարքավորումների պարամետրերն իրենց համակցության մեջ ուսումնասիրում ենք, պարզվում է, որ այդ պարամետրերը համապատասխանում են բացառապես մեկ գերմանական կազմակերպության սարքավորումներին` ROHDE@SCHWARTZ (R&S) ընկերության արտադրանքին»,-ասաց նա:

Հասմիկ Ենգոյանի խոսքով, «Հիբրիդ Տելեմատիկա» ՍՊԸ-ն ցանկություն է ունեցել այս մրցույթին մասնակցելու, հրավերի պահանջները ներկայացրել է այս ոլորտում աշխարհի հինգ-վեց ամենահեղինակավոր կազմակերպություններին, որոնք նմանատիպ սարքավորումներ ունեն, խորհրդակցել և բանակցել է վերջիններիս հետ, որպեսզի մրցույթին մասնակցի հետեւյալ կերպ՝ հայկական ընկերությունն ապահովում է աշխատանքները, հեղինակավոր ընկերությունները՝ սարքավորումները. «Բոլոր ընկերությունները պատասխանել են, որ չեն կարող այդ սարքավորումները տրամադրել, որովհետեւ դրանք այդ պարամետրերով արտադրվում են բացառապես գերմանական ROHDE@SCHWARTZ ընկերության կողմից։ Մենք այդ բողոքի ընթացքում ներկայացրել ենք բողոքարկմանը առցանց մասնակցած ռուսական ընկերության վերլուծությունը, որտեղ մանրակրկիտ հիմնավորված է, որ այդ սարքավորումները համապատասխանանում են միայն այդ գերմանական ընկերությանը»,- ասաց նա։

Ենգոյանը նշեց, որ փետրվարի 11-ին ներկայացված հայտերը բացվել են և պարզվել է, որ այդ ահռելի մրցույթին, որի գինը տարեկան մոտ մեկ միլիարդ դրամ է (առկա է տեղեկատվություն, որ այդ ընթացակարգը տևելու է 5 տարի՝ յուրաքանչյուր տարի մեկ միլիարդ դրամ արժողությամբ), մասնակցել է ընդամենը մեկ ընկերություն` հենց գերմանական ROHDE@SCHWARTZ, այսինքն՝ այն ընկերությունը, որի համար հրավերը կազմվել է և ինչով որ հաստատվել են իրենց բոլոր կասկածներն ու մտավախությունները։

«Մեր համար այս ամենը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս՝ ինչո՞ւ և ինչպե՞ս է մրցույթի հրավերը կազմվել հենց այդ ընկերության համար, ինչպե՞ս է նման հեղինակավոր ընկերությունը հայաստանյան շուկայում հայտնվել, ո՞վ է նրան բերել: Ինչո՞ւ է հրավերը հարմարեցվել իրեն, այս հարցերի պատասխանները հանրության համար մնում են անհայտ, բայց փաստը մնում է փաստ, որ ունենք նման իրավիճակ։ Մենք կարծում ենք, որ եթե Գերմանիայում իմանան, որ գերմանական ընկերության համար հարմարեցված հրավեր է կազմվել Հայաստանում եւ ընկերությունը դարձել է պետական մրցույթի միակ մասնակիցը, լավ ենթադրություններ չեն անի եւ ընկերության հեղինակությունն էլ կարող է նվազել։

Եթե սարքավորումների չափանիշները լինեին ունիվերսալ, այնպես, որ պատվերը հնարավոր լիներ իրականացնել, կմասնակցեին մեկից ավելի ընկերություններ՝ օրինակ, գերմանական այլ ընկերություններ, ամերիկյան, կանադական, ռուսական ըներություններ, որոնք շատ ավելի էժան գին կարող էին առաջարկել»,-ընդգծեց Ենգոյանը:

Նա նկատեց, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի հիմնական նպատակն այն է, որ ապահովվի մրցակցությունը, մեկից ավելի մասնակիցներ լինեն, մրցունակ գին լինի, որը կբերի պետական բյուջեի խնայողությանը. «Եթե մի ընկերության համար է բնութագիրը գրվել, պարզ է, որ այդ ընկերությունը կարող է ամենաֆանտաստիկ գինն առաջարկել, այդ պարագայում պետական բյուջեի ոչ ռացիոնալ օգտագործում է տեղի ունենում։ Բողոքի քննության ժամանակ մենք հայտնել ենք, որ ոչ թե նման պարամետրեր պետք է գրվեր կոնկրետ ընկերության արտադրածին համապատասխանելու համար, այլ տեխնիկական առաջադրանք, որին կհամապատասխանեին տարբեր ընկերությունների արտադրած սարավորումներ: Այսինքն, մենք կարծում ենք, որ կոնկրետ մեկ ընկերության համար է գրվել մրցույթի հրավերը»-հավելեց Հասմիկ Ենգոյանը:

Հարցին, թե ինչ վիճակում է գտնվում գնումների ոլորտը Հայաստանի Հանրապետությունում, Հասմիկ Ենգոյանը նշեց, որ խնդիրները շատ են եւ ոլորտն ակնհայտորեն հետընթաց է ապրել: «Ընդհանուր առմամբ մեր շուկայում նկատվում է մեկ անձից իրականացված գնումների աճ: Մեկ անձից գնում կատարելու համար գնումը պետք է լինի հրատապ, սակայն, ցավոք, արհեստական կերպով ստեղծվում է այդ հրատապություն: Երբ կա գնման անհրաժեշտություն, նախօրոք գիտեն դրա մասին և պետք է գնման գործընթաց սկսեն, չեն անում, ձգձգում են և ես կարծում եմ միտումնավոր բերում հասցնում են վերջին պահին, ստեղծում հրատապություն, մտնում կառավարություն, մեկ անձից գնում կատարելու թույլտվություն վերցնում, քանի որ շատ հրատապ է, ինչն էլ թույլ է տալիս րոպե առաջ առանց մրցույթ անցկացնելու կոնկրետ ընկերությունից գնումը կատարել:

Այս դեպքում շատ մեծ կոռուպցիոն ռիսկ է առաջանում: Նախ, այդ ընկերությանը ինչպես է պետական մարմինը ընտրում, ինչ չափանիշներով (ծանոթ, հարազատ, բարեկամ) եւ երկրորդը` լուրջ կերպով հարված է հասցվում պետական բյուջեին, քանի որ պետությունը այդ ընկերությունից վերջինիս ուզած գնով է արդեն ձեռք բերում ապրանքը կամ ծառայությունը, քանի որ այլևս չկա մրցակցային գին և ընտրելու հնարավորություն: Այսինքն` կա կոռուպցիա եւ ընկերություն ընտրելու տեսակետից եւ կա կոռուպցիա գումար ծախսելու տեսանկյունից:

Ինչքան գիտեմ, նաեւ կան ուսումնասիրություններ, որոնք վկայում են, որ մեկ անձից գնումների տեսակարար կշիռը վերջին 3 տարիների ընթացքում մյուս տարիների համեմատ էականորեն աճել է: Եվ միջազգային կառույցների որդեգրած սկզբունքների, եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն գնումերի անցկացման նախընտրելի ձեւը հենց մրցույթն է, իսկ մեկ անձից գնումը թողնվում է բացառիկ դեպքերի համար»,-ասաց նա:

Ենգոյանը նաեւ խնդիրների շարքում առանձնացրեց խտրական հրավերների խնդիրը, հայտի ոչ իրավաչափ մերժման խնդիրը, «Գնումների մասին» ՀՀ օրենքի իրականացված փոփոխությունը, որն ուժի մեջ կմտնի 4 ամիս հետո: «Գնումների ընթացակարգի բողոքարկումը, ըստ այդ փոփոխության, միայն դատական կարգով է լինելու, արտադատական կարգով գործող Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը այլեւս չի գործելու: Եթե բողոքը քննող անձին 30 հազար դրամ ենք վճարում, ապա դատարաններին 10 միլիոն դրամ պետական տուրք պետք է վճարենք՝ գնումները բողոքարկելու համար: Այս դեպքում արդեն ակնհայտ է, թե քանի ընկերություն կբողոքարկի պետական գնումների հետ կապված որևէ հարց: Այսինքն` կդիտվի գնումների անբողոքարկելի լինելու միտում եւ կամայականությունների դաշտն էլ ավելի կմեծանա»,- եզրափակեց նա:

Հասմիկ Ենգոյանը նշեց, որ այս խնդիրների մասին խոսել է նաեւ ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովի նիստին, սակայն որեւէ արձագանք չի ստացել վերոնշյալ խնդիրների հետ կապված: