Ուկրաինայի իշխանությունները մոտ օրերս Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման նախապատրաստման նշաններ չեն տեսնում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, փոխանցում է NV.ua-ն։

«Այսօրվա դրությամբ մենք չենք տեսնում, որ ՌԴ լայնածավալ ներխուժում կարող է տեղի ունենալ ամսի 16-ին կամ 17-ին։ Մենք դա չենք տեսնում… ՌԴ-ի կողմից սպառնալիքն անընդհատ է, քանի դեռ նրանք հավակնում են մեր տարածքներին։ Բայց մեր բանակը, զորքերը, պաշտպանական հատվածը պատրաստ են ցանկացած մարտահրավերների»,- ընդգծել է Դանիլովը։

ԱԱՊԽ քարտուղարի խոսքով՝ ուկրաինական հետախուզության եւ գործընկեր երկրների հետախուզությունների տվյալները վկայում են, որ Ռուսաստանի Դաշնության համար առաջնային խնդիրը Ուկրաինայում ներքին ապակայունացումն է։ Առանց դրա, «նրանք [ռուսները] չեն կարող որեւէ նեղություն պատճառել» մեր երկրին։

Նշենք, որ Politico-ն, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, թե Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ու ԵՄ առաջնորդներին հայտնել է փետրվարի 16-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժելու սպառնալիքի մասին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես հայտարարել է, թե կան «բավականին հստակ» ապացույցներ, որ Ռուսաստանը ծրագրում է ներխուժում Ուկրաինա, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ ռազմական գործողությունները կարող են արդեն այս չորեքշաբթի սկսվել: Ջոնսոնն ասել է, որ իրեն «չափազանց անհանգստացնում են» այն նշանները, որ Ռուսաստանը «պլանավորում է մի բան, որը կարող է առաջիկա 48 ժամվա ընթացքում տեղի ունենալ»: