«Այսօր մենք ունենք բավականին մեծ վարկային պորտֆել: Մենք վարկեր ունենք KFW բանկից, Արտահանման զարգացման բանկից ունենք իրանական վարկ, ամերիկյան կառույցներից ունենք վարկ, մոտ ժամանակներս վարկ կստանանք „Գազպրոմ“ բանկից»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանը:
Այնուհետեւ անդրադառնալով «Հայռուսգազարդ»-ի՝ կառավարությունից 40 միլիոն դոլարի վարկ ստանալու որոշմանը (այն պետք է տրամադրվի ռուսական 500 միլիոն դոլարի վարկային միջոցներից), նա ասաց. "Շատ մոտ ժամանակներս մենք կստանանք «Գազպրոմ» բանկից վարկ եւ ընդհանրապես շատ զարմանալի է, որ օրինակ մամուլում հարց են տալիս, թե ինչպես եք վերաբերում, որ կառավարությունը 40 միլիոն դոլար տվել է «Հայռուսգազարդ»-ին: Հետո էլ պատասխանում են, որ «Շատ վատ, „Հայռուսգազարդը“ հարուստ ընկերություն է»: Բայց եթե պատկերացնենք, որ մենք այդ 40 միլիոնով 100 բնակավայր գազաֆիկացնեինք. Դա լա՞վ է, թե` վատ: Առանց իմանալու, թե այդ 40 միլիոնը որտեղ է գնում, ասում են, թե «Գազպրոմը» հարուստ ընկերություն է: Դրա համար ես շատ կխնդրեմ զգացմունքներից վերանալ եւ խոսել տրամաբանության դաշտում, որովհետեւ շատ հաճախ կարող է թիմը, որը լավ աշխատանք է կատարում՝ մամուլում համապատասխան արձագանք չստանալով, վերջիվերջո, հիասթափվի":
Իսկ հարցին, թե ո՞ր ուղղություններով են ծախսվելու այդ վարկային միջոցները, Կ. Կարապետյանը հստակ պատասխան չտվեց, նշելով միայն. «Շատ գումար է լինելու, եւ բոլոր այն ծրագրերը, որոնք մենք ուզում ենք, կատարելու ենք»:




























