Եղիսաբեթ II թագուհու որդի արքայազն Էնդրյուն եւ նրան բռնաբարության մեջ մեղադրող ամերիկացի Վիրջինիա Ջուֆրեն նախնական համաձայնության են եկել։ Արքայազն Էնդրյու Դեւիդ Բոյսի փաստաբանի համապատասխան նամակը երեքշաբթի հրապարակվել է Նյու Յորքի Հարավային շրջանի ԱՄՆ Դաշնային դատարանի փաստաթղթերի բազայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք համատեղ ենք գրում, որպեսզի դատարանին տեղեկացնենք վերը նշված գործով ըստ էության համաձայնություն ձեռք բերելու մասին»,- ասված է փաստաթղթում։

Նամակում ասվում է, որ արքայազն Էնդրյուն ներդրում կանի Ջուֆրեի հիմնադրամում, սակայն գումարի չափը չի նշվում։

Ջուֆրեն արքայազն Էնդրյուին մեղադրել է այն բանում, որ 2001 թվականին, երբ ինքը 17 տարեկան է եղել, նա մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ՝ իր կամքին հակառակ։ Հունվարի կեսերին Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանը մերժել է կասեցնել արքայազնի դեմ ներկայացված հայցը, իսկ դատավոր Լյուիս Կապլանն ասել է, որ ըստ էության քննությունը կարող է սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում սկսվել: Կարճ ժամանակ անց Եղիսաբեթ II-ի որոշմամբ արքայազն Էնդրյուն զրկվել է զինվորական կոչումներից եւ մի քանի հասարակական կազմակերպությունների հովանավորի դերից։ Նա կորցրել է նաեւ Նորին Մեծություն պաշտոնական տիտղոսը, ինչպես նաեւ Յորքի դքսի տիտղոսն օգտագործելու իրավունքը, թեեւ պահպանում է դրանք։

Պաշտոնական պարտականությունների կատարումից արքայազնը ստիպված է եղել հրաժարվել դեռեւս 2019 թվականի վերջին, երբ Ջուֆրեն կրկին հրապարակավ հայտարարել էր, որ նա եղել է այն մի քանի տղամարդկանց թվում, որոնց հետ իրեն ստիպել են սեքսով զբաղվել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը եւ նրա բրիտանացի սիրուհի Գիլեյն Մաքսվելը։