Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Թուրքիային կոչ է արել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին կառուցողական եւ պատասխանատու արձագանք մշակել։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում միջազգային օրակարգի առանցքային թեմաներ են քննարկել։ Լավրովը տեղեկացրել է Եվրոպայում անվտանգության իրավական երկարաժամկետ երաշխիքների ապահովմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։ Նախարարը Թուրքիային կոչ է արել նպաստել ռուսական առաջարկներին կառուցողական եւ պատասխանատու արձագանքի մշակմանը։

Քննարկվել է իրավիճակը Ուկրաինայի հարավ-արեւելքում։ Լավրովն ընդգծել է Արեւմուտքի գործողությունների անընդունելի լինելը՝ նշելով, որ դրանք տանում են այդ երկրի արագացված ռազմականացման, եւ ներկայիս պայմաններում Կիեւի իշխանությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության արագ զարգացումը վտանգավոր է։ Նշվել է, որ Մինսկի համաձայնագրերի եւ «նորմանդական ձեւաչափով» ու եռակողմ Կոնտակտային խմբի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների խիստ պահպանումն այլընտրանք չունի։

Անդրադարձ է կատարվել Բոսնիա եւ Հերցեգովինայում, Սիրիայում ու Անդրկովկասում կարգավորման որոշ ասպեկտներին, ինչպես նաեւ միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը։

Նախարարները «համապատասխանեցրել են ժամանակը» ռուս-թուրքական քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական համագործակցության արդի հարցերի շուրջ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առաջիկա շփումների ժամանակացույցի շուրջ։