Սիդնեյի իշխանությունները սկսել են նախորդ օրը լողորդին սպանած շնաձկան որոնումները։ Գիշատչին բռնելու համար ցանցեր են գցվել, անօդաչու սարքերը օդից են որոնումներ կատարում, բազմաթիվ հատուկ սարքեր են օգտագործվում։ Ենթադրվում է, որ շնաձկան երկարությունը մոտ 4 մետր է, հայտնում է AFP-ը։

Դեպքի վայր է ուղարկվել փրկարարական ուղղաթիռ եւ չորս շտապօգնության մեքենա, սակայն տուժածը մահացել է, փրկարարները նրա վնասվածքները «սարսափելի» են անվանել։

Սա Սիդնեյում շնաձկան առաջին մահացու հարձակումն է 1963-ից հետո:

«Հիմնվելով հանրության կողմից տրամադրված կադրերի վրա, ներառյալ ականատեսների վկայությունները... կենսաբանները կարծում են, որ դա, ամենայն հավանականությամբ, առնվազն երեք մետր երկարությամբ սպիտակ շնաձուկ է»,- ասել է նահանգի կառավարության առաջնային արդյունաբերության վարչությունը:

Քաղաքի 13 լողափեր փակվել են, WhatsApp-ում խմբերը լցված են հարձակման գրաֆիկական պատկերներով։

Օվկիանոսում 800 լողորդների մասնակցությամբ կիրակի օրը նախատեսված մրցույթները հետաձգվել են։