Այս տարվա ընթացքում «Հայռուսգազարդ» ընկերությունը, ամենայն հավանականությամբ շահույթ չի ունենա: «Մենք սպասում ենք մեր ընկերության ծախսերի 15 տոկոս շուկայի նվազեցում: Թեեւ այս պահին այդ ցուցանիշը 22 տոկոս է, բայց սպասում ենք, որ մեր ֆինանսիստներն ու աշխատակազմը այնպիսի ֆինանսական հոսքերի կառավարում են ապահովել, որ մեր նախատեսած բոլոր ծրագրերն անպայման կատարելու ենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանը:
«Այս տարի մենք շահույթ չենք ակնկալում, որը ես ոչ ճիշտ ու ոչ հեռանկարային եմ համարում: Բայց ես չեմ գտնում, որ մեծ ողբերգություն կարող է լինել, եթե մեկ տարի այդպես լինի: Շատերին թվում , որ եթե „Հայռուսգազարդ“-ը շահույթ չունի, բոլորի համար լավ է: Դա սկզբունքային սխալ է: Կամայական տնտեսական սուբյեկտ, եթե շահույթ չունի, դա երկրի համար վատ է, որովհետեւ հարկը վճարվում է շահույթից»,- ասաց նա ու հավելեց. «Մենք վերջին 4 տարվա մեջ կատարել ենք 700-750 միլիոն դոլարի ներդրումներ: Ես չեմ կարծում, որ Հայաստանում երկրորդ ընկերությունը կարող եք ցույց տալ, որ այդքան ներդրումներ է կատարել: մենք 1 միլիարդ դոլարի կանոնադրական կապիտալ ունեցող ընկերություն ենք: Նման ընկերությունը պետք է նաեւ շահույթի ակնկալիք ունենա: Եթե չունենա շահույթ, հաջորդ անգամ ներդրում չի անի, ինչը երկրի համար վատ է»:
NEWS.am-ի հարցին, թե ինչո՞ւ շահույթ չունի ընկերությունը, նա պատասխանեց. «Շահույթ չկա երկու պատճառով, շուկայի նվազեցում եւ դոլար-դրամ փոխարժեքի փոփոխություն: Ես չեմ ասում չկա, ես ասում եմ, որ չեմ ակնկալում շահույթ: Տարվա վերջում կերեւա եւ շատ հավանական է, որ շահույթ չունենանք»:




























