Ամերիկացի գիտնականները սինթեզել են նանոտեխնոլոգիական հերմետիկը, որը թույլ է տալիս զգալիորեն ամրապնդել բետոնը: Այդ մասին հաղորդվում է Վաշինգտոն նահանգի համալսարանի (WSU) կայքում:

Հետազոտության ընթացքում մասնագետները լուծել են բետոնի ամրության խնդիրը, որը կիրառվում է տարբեր շինություններ կառուցելու եւ ամրապնդելու համար: Ինժեներներն օգտագործել են նանոնյութեր, որոնց շնորհիվ նրանց հաջողվել է բարձրացնել բետոնի որակն ու ստեղծել գերամուր խառնուրդ շինարարության համար:

Մասնագետները պատմել են, որ բետոնե կառույցների քայքայումը տեղի է ունենում երկու պատճառով՝ խոնավության եւ տարատեսակ աղերի ազդեցության հետեւանքով: Հետազոտության հեղինակներն օգտագործել են երկու նանոնյութ՝ գրաֆենի օքսիդ եւ մոնթմորիլոնիթի նանոկավ՝ ավելացնելով դրանք սիլիկոնի հիման վրա սովորական հերմետիկի մեջ: Լաբորատոր պայմաններում ստացված խառնուրդը բետոնից ավելի ամուր էր. խոնավության թափանցումը խոչընդոտող հատկությունները բարելավվել էին 75 տոկոսով, իսկ աղերից պաշտպանությունը՝ 44 տոկոսով:

«Մենք կենտրոնացրել ենք ուշադրությունը հիմնական պատճառներից մեկի շուրջ, որը վտանգում էր բետոնի ամբողջականությունն ու երկարակյացությունը, մասնավորապես՝ խոնավության ուղղությամբ:»,-նշել է Սյանմին Շին: Գիտնականի խոսքով, եթե բետոնը չոր պահպանվի, ապա կառույցի կենսական ցիկլը կավելանա: Շին նշել է, որ բետոնն իդեալական նյութ է շինարարության համար:

Մասնագետների գնահատմամբ՝ ԱՄՆ-ում կարեւոր ենթակառուցվածքի մեծ մասը կառուցվել է 1950-1970-ականների ընթացքում, ներկայում դրա գործածման ժամկետը մոտենում է ավարտին: Այդ տարածաշրջանում 600 հազար կամուրջների շուրջ 8 տոկոսը համարվում է թերի, ճանապարհների յուրաքանչյուր հինգերորդ մղոնը վատ վիճակում է: