Թուրքական «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ից Անկարայի դուրս գալու օգտին է հանդես եկել, քանի որ դա անհրաժեշտ է Թուրքիայի ազգային անվտանգությունն ամրապնդելու համար։

«ՆԱՏՕ-ից դուրս գալն ամենաարդյունավետ գործելակերպն է ԱՄՆ-ի սպառնալիքների եւ դավադրությունների դեմ: Ազատվելով ՆԱՏՕ-ից՝ Թուրքիան կամրապնդվի տնտեսության մեջ անկախության համար մղվող պատերազմում»,- Հյուսիսատլանտյան դաշինքին Թուրքիայի անդամակցության 70-ամյակի նախաշեմին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Փերինչեքը։

«Հայրենիք»-ի նախագահի կարծիքով, «ՆԱՏՕ-ին անդամակցության դադարեցումը ոչ միայն անհրաժեշտ է Թուրքիայի ազգային անվտանգության համար, այլեւ վստահություն կհաղորդի այն երկրներին, որոնք բախվում են ԱՄՆ-ից եկող սպառնալիքին»: «Թուրքիայի նման քայլը կարագացնի ՆԱՏՕ-ի կազմաքանդման գործընթացը։ Սա կնպաստի ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը»,- կարծում է քաղաքական գործիչը։

«Հայրենիք» կուսակցությունը, որը խորհրդարանում ընդգրկված չէ, ակտիվորեն կոչ է անում հրաժարվել Արեւմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումից։ Ավելի վաղ քաղաքական շարժումը բողոքի ցույցեր էր անցկացրել հանրապետությունում ՆԱՏՕ-ի օբյեկտների մոտ եւ երկրի իշխանություններին կոչ էր արել լիակատար վերահսկողություն հաստատել ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող «Քյուրեջիկ» ռադիոտեղորոշիչ կայանի վրա, ինչպես նաեւ անհապաղ լիարժեք վերահսկողություն հաստատել Ինջիրլիքի ավիաբազայի վրա եւ 15 օրվա ընթացքում տուն վերադարձնել այնտեղ գտնվող ամերիկացի զինվորականներին։

Թուրքիան 1952 թվականի փետրվարի 18-ին է ՆԱՏՕ-ին անդամագրվել։