Նոր Զելանդիայի ոստիկանությունը բացառել է պատվաստումների դեմ ցույցի մասնակիցներին բռնի ուժով ցրելը, հաղորդում է AFP-ը։
Ոստիկանությունը չմիջամտելու դիրքորոշում է որդեգրել այն բանից հետո, երբ անցած շաբաթ սիզամարգերը վերահսկելու փորձը հանգեցրել է դաժան բախումների եւ 120 ձերբակալության:
Հանձնակատար Էնդրյու Քոսթերը խոստովանել է Վելինգթոնի բնակիչների եւ բիզնեսի սեփականատերերի աճող դժգոհությունը, քանի որ ցուցարարներն արգելափակել են փողոցները քաղաքի կենտրոնում։ Սակայն նա պնդել է, որ ցույցի առաջնորդների հետ երկխոսությունը դրական արդյունքներ է տալիս, նույնիսկ այն դեպքում, երբ օրենսդիր ժողովի շենքի դիմաց հավաքվածների թիվը սկսել է աճել։
Կանադայի «Ազատության շարասյունից» ոգեշնչված ցուցարարները մեքենաներ, բեռնատարներ եւ ֆուրգոններ են կայանել ճանապարհներին, վրաններ տեղադրել, կազմակերպել շարժական զուգարաններ, սննդի բաշխման կետեր եւ մանկական հաստատություններ։
Նոր Զելանդիայի խոշորագույն լրատվական կայքը հաղորդել է, որ ոստիկանությունը, կարծես, զիջել է վերահսկողությունը խորհրդարանական հատվածի վրա՝ նշելով ցուցարարների ներկայությունը, որոնք գործում էին որպես ինքնակոչ անվտանգության աշխատակիցներ եւ վերահսկում մուտքը։
Քոսթերն ասել է, որ ճամբարում մոտ 800 մարդ է եղել, ավելի քան 450 մեքենա փակել է ճանապարհները, եւ սպասվում է, որ հանգստյան օրերին նրանց թիվը կավելանա:



























