Երեւանի քաղաքաշինական խորհրդի հուլիսի 21-ին տեղի ունեցած հերթական նիստում ներկայացվել է Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում 7-8 հարկանի հյուրանոցի կառուցման  ներդրումային ծրագրի էսքիզային առաջարկությունը: Նիստը վարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ այս առաջարկը Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն արել է դեռեւս նախորդ տարի, որի շուրջ երեկ քաղաքաշինական խորհրդում  մասնագիտական ակտիվ եւ շահագրգիռ քննարկում է ծավալվել:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման արդյունքում` 24 կողմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ քաղաքաշինական խորհուրդը որոշել է հավանություն տալ ներկայացված վայրում առաջարկվող ծավալատարածական լուծումներին: Միաժամանակ, որոշվել է ընթացք տալ  գործընթացին` նախագծի հաջորդ փուլում նկատի առնելով խորհրդի անդամների արված առաջարկությունները եւ դիտողությունները: 

Օրակարգի հաջորդ հարցը Արամի 36 հասցեում նախատեսվող 20 հարկանի  հյուրանոցի նախագծի քննարկումն է եղել, որը ներկայացրել է ճարտարապետ Ալբերտ Կարոյանը: Այս նախագիծը քաղաքաշինական խորհրդի անդամները  միաձայն մերժել են` առաջարկելով սահմանափակել հյուրանոցի հարկայնությունը` նկատի առնելով հարակից շենքերի բարձրությունները: