2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կրակը մարվել է Պեկինի Ազգային մարզադաշտում:
Կիրակի Չինաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությունը: Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարը հայտարարել է Պեկինում Խաղերի փակումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օլիմպիական խաղերին մասնակցել են մարզիկներ 91 երկրներից, խաղարկվել է 109 համալիր մրցանակ սպորտի 7 տեսակներում (15 դիսցիպլին): Մեդալային ստուգարքի հաղթող է ճանաչվել Նորվեգիայի հավաքականը՝ ստանալով 16 ոսկե, 8 արծաթե, 13 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղը զբաղեցրել է Գերմանիայի թիմը (12-10-5), երրորդը՝ Չինաստանի հավաքականը (9-4-2), ռուսական թիմը զբաղեցրել է իններորդ հորիզոնականը (6-12-14): Մրցանակների ընդհանուր թվով առաջինն են նորվեգացիները (37), երկրորդը՝ ռուսները (32), երրորդը՝ գերմանացիները (27):
Պեկինն առաջին քաղաքն է, որն ընդունել է ամառային եւ ձմեռային Օլիմպիական խաղերը: 2008-ին ամառային Օլիմպիադայի բացման ու փակման արարողությունը նույնպես տեղի է ունեցել Պեկինի Ազգային մարզադաշտում:





























