ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը նկարագրել է անհարմար իրավիճակը, երբ Վլադիմիր Պուտինի Կոնի անունով լաբրադորը ռուս-գերմանական բանակցությունների ժամանակ մտել է ներս, ընդ որում՝ նշելով, որ դա տեղի է ունեցել ոչ միտումնավոր. այդ ժամանակ Կրեմլում դեռեւս չգիտեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ շների նկատմամբ հակակրանքի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

2007 թվականին Սոչիում Ռուսաստանի նախագահի սիրելի շունը մտել է սենյակ, որտեղ ընթանում էին Պուտինի ու Մերկելի բանակցությունները, եւ վախեցրել Մերկելին: Օտարերկրյա որոշ ԶԼՄ-ներ այդ ժամանակ գրել էին, որ Պուտինը դա միտումնավոր էր արել, քանի որ գիտեր, որ Գերմանիայի կանցլերը սկսել էր վախենալ շներից, երբ նրան կծել էր շունը 1995 թվականին: 2016 թվականին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում Պուտինն ասել է, որ չգիտեր, որ Մերկելը վախենում է շներից, եւ հավելել, որ այդ ժամանակ ներողություն է խնդրել կանցլերից:

«Այն, որ Մերկելն այդպիսի հակակրանք ունի շների նկատմամբ, այդ ժամանակ ոչ մեկը պարզապես չգիտեր: Իսկ դուք գիտե՞իք, որ Պուտինը շատ էր սիրում Կոնիին, ինչպես նաեւ ամբողջ երկիրն էր շատ սիրում այդ շանը: Ուստի այն, ինչն այդ ժամանակ տեղի էր ունեցել Մերկելի հետ, շատ անհարմար իրավիճակ էր: Սակայն դա չարամտություն չէր»,-այդ պատմությունը մեկնաբանել է Պեսկովը «Ռոսսիա-1»-ի եթերում «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման ժամանակ: