Թուրքական կողմը փորձում է քաղաքականացնել թրաֆիքինգի դեմ պայքարի խնդիրը: Այսօր` հուլիսի 22-ին մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ ոստիկանության ԿՀ 4-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը:
Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի ու Թուրքիայի համագործակցությունը, հաշվի առնելով, որ երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, Տիգրան Պետրոսյանը նշել է, որ Թուրքիան այդ առումով պրոբլեմատիկ երկիր է, թեեւ որոշակի շփումների մակարդակ գոյություն ունի Ինտերպոլի միջոցով:
Այսպես. ներկայումս բանակցություններ են ընթանում ՀՀ մի քաղաքացու վրացական կողմի միջոցով հայկական կողմին հանձնելու շուրջ, ով թրաֆիքինգի կազմակերպման մեղադրանքով գտնվում է հետախուզման մեջ:
Միաժամանակ Տ. Պետրոսյանը նշեց, որ թուրքական լրատվամիջոցները հաճախ իրականությանը չհամապտասխանող տեղեկություններ են տարածում, որ իբր Թուրքիայի տարածքում թրաֆիքինգի զոհ դարձած, կամ մարմնավաճառությամբ զբաղվող հայուհիների են ձերբակալում: Նրա խոսքով, այդպիսի տեղեկությունները ստուգվում են եւ պարզվում է, որ այդ անունով մարդիկ, իսկապես, այցելել են հարեւան երկիր:




























