Գարեգին Բ-ն հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եւ Արմեն Հախնազարյանի հետ զրույցում չի ասել, թե «կաթողիկոսը որեւէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի եւ եկեղեցիների հետ», ինչպես նաեւ եկեղեցիները չի անվանել օբյեկտ: Այս մասին այսօր` հուլիսի 22-ին մամուլի ասուլիսում նշել է Գարեգին Բ-ի մամուլի խոսնակ Տեր-Վահրամ քահանա Մելիքյանը:

Սակայն ասուլիսին ներկա հուշարձանագետ, հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ նշված հանդիպումը կայացել է 2006 թվականին եւ որ այդ հանդիպմանը Գարեգին Բ-ից, պատմաբան Արմեն Հախնազարյանից ու իրենից, այլ մարդ ներկա չի եղել:

Կարապետյանի խոսքով, այդ զրույցի ժամանակ Գարեգին Բ-ն ասել է, որ վերջին տարին շատ արդյունավետ է եղել եւ շինարարական ու վերանորոգման աշխատանքներ են ընթանում բազմաթիվ եկեղեցիներում: Ըստ Կարապետյանի, խոսքը հնչել է այսպես. «Մենք կառուցում ենք 84 օբյեկտ»:

«Հնչեց Հախնազարյանի մեկնաբանությունն այն մասին, որ սովետական շրջանում կառուցված բնակավայրերում, իսկապես, եկեղեցիներ են անհրաժեշտ: Բայց մենք խնդրում ենք, որպեսզի Դուք, հնարավորության դեպքում, ուշադրություն դարձնեք մեր միջնադարյան եկեղեցիներին ու վանքերին եւ բերեց Սանահինի վանքի օրինակը, որի գմբեթին անտառ է գոյացել: Ակնհայտ էր, որ Հախնազարյանի խոսքերը դուր չեկան Կաթողիկոսին, քանի որ նրա հայացքը խոժոռվեց եւ ձեռքը մեկնելով ասաց. «Ես որեւէ գործ չունեմ լեռներում գտնվող եկեղեցիների հետ»: Այնուհետեւ հերթով փակելով մատները շարունակեց. «Ես թույլ չեմ տա, որպեսզի թեկուզ մի քար ընկնի Խոր Վիրապից, ես թույլ չեմ տա, որպեսզի թեկուզ մեկ քար ընկնի Գեղարդից եւ եւս մեկ եկեղեցուց, որը ես արդեն չեմ հիշում»,- ասաց հուշարձնագետը, շարունակելով, որ բառացի պատմում է զրույցի բովանդակությունը:

Ի պատասխան սրա, Մելիքյանը հայտարարել է. «Թեեւ Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ բառացի մեջբերում է զրույցի բովանդակությունը, բայց ես դա մի փոքր կասկածի տակ եմ դնում: Այս տարի, իսկապես, վերանորոգվել  եւ կառուցվել է ավելի քան 80 եկեղեցի ու վանք, սակայն Ամենայն հայոց կաթողիկոսը չէր կարող սրբատեղիները օբյեկտ անվանել»:

Ճշտող հարցին, թե Գարեգին Բ-ն ասե՞լ է այդ խոսքերը, Սամվել Կարապետյանը դրական պատասխան տվեց, հավելելով. «Ընդունում եմ, որ 84 շինությունների շարքում կային շինություններ, որոնք սրբավայրեր չեն, օրինակ դպրանոցներ եւ դրանից ելնելով էլ Կաթողիկոսն օգտագործել է «օբյեկտ» բառը: Բայց միանշանակ է, որ նա այդ բառն ասել է»:

Իր հերթին, Մելիքյանը հայտարարել է. «Ես հերքում եմ այդ տեղեկությունը. Ամենայնհայոց կաթողիկոսը նման բառեր չի ասել. նրա բառապաշարում նման բառեր չկան»: