Երկուշաբթի Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարները քննարկել են Բոսնիայում լարվածությունը թուլացնելու եւ էթնիկապես բաժանված բալկանյան երկրի հնարավոր փլուզումը կանխելու միջոցները, «քանի որ ավելի քան 25 տարի առաջ կնքված խաղաղ համաձայնագիրը շարունակում է խախտվել», տեղեկացնում է AP-ը։
«Ազգայնական եւ անջատողական հռետորաբանությունը Բոսնիա եւ Հերցեգովինայում աճում է եւ վտանգի տակ է դնում երկրի կայունությունը եւ նույնիսկ ամբողջականությունը»,- Բրյուսելում դաշինքի 27 երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Բորելի խոսքով՝ «նախարարները պետք է որոշեն՝ ինչպես կանխել Բոսնիայում այդ դինամիկան եւ խուսափել երկրի փլուզումից։ Սա ծայրահեղ իրավիճակ է»։
Անցյալ ամիս ԱՄՆ-ն հայտարարել է բոսնիացի սերբերի առաջնորդ Միլորադ Դոդիկի դեմ պատժամիջոցների մասին, ով տարիներ շարունակ հանդես է եկել սերբերի կողմից կառավարվող Բոսնիայից անջատվելու եւ հարեւան Սերբիայի հետ միավորվելու օգտին:
ԱՄՆ-ը նրան մեղադրել է «կոռուպցիոն գործունեության» մեջ, որը սպառնում է ապակայունացնել տարածաշրջանը եւ խաթարել ԱՄՆ միջնորդությամբ կնքված Դեյթոնի խաղաղության համաձայնագիրը: Դոդիկը պնդում է, որ իր եւ բոսնիացի սերբերի դեմ անարդարացիորեն հարձակվում են եւ սխալմամբ մեղադրվում կոռուպցիայի մեջ։
1995թ․ համաձայնագրով վերջ է դրվել Բոսնիայում պատերազմին, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 000 մարդ, իսկ միլիոնավոր մարդիկ անօթեւան են մնացել: Համաձայնագրի համաձայն՝ Բոսնիայում ստեղծվել են երկու առանձին միավորներ՝ Սերբսկայա Հանրապետությունը, որը ղեկավարվում է բոսնիացի սերբերի կողմից, եւ մյուսը, որտեղ գերակշռում են հիմնականում մահմեդական բոսնիացիներն ու խորվաթները: Այս երկու սուբյեկտները կապված են ընդհանուր պետական ինստիտուտներով, եւ ազգային մակարդակով բոլոր գործողությունները պահանջում են բոլոր երեք էթնիկ խմբերի կոնսենսուսը:
ԵՄ անդամ երկրների մեծ մասը նույնպես ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Դոդիկի նկատմամբ, սակայն Հունգարիան, Խորվաթիան եւ Սլովենիան դեմ են եւ, ամենայն հավանականությամբ, կխափանեն նրա նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու ցանկացած փորձ:
ԵՄ-ն նաեւ պահանջում է, որ ընտրական բարեփոխումներ անցկացվեն մինչեւ այս տարեվերջ։





























