ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) ճանաչման անհրաժեշտության մասին։ Այդ մասին նա հայտարարել է Անվտանգության խորհրդի նիստին, որն անցկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս իրավիճակում մեզ այլընտրանք չեն թողել: Այնպես որ, ես միանշանակ ասում եմ «այո»։ Այո, պետք է ճանաչել»,- ասել է Շոյգուն։
Իր հերթին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման մասին, ասել է, որ այլ ճանապարհ չի տեսնում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես այլ ճանապարհ չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է Արեւմուտքին խելքի գալու համար 2-3 օր տալու առաջարկին, ապա դա, իհարկե, ճաշակի հարց է, բայց,այն, իհարկե, չի փոխի իր դիրքորոշումը»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԽ նիստին:
Ռուսաստանը չի կարող անտարբեր նայել Ուկրաինայում իր հայրենակիցների նկատմամբ ծաղրանքին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է իր արեւմտյան գործընկերներին վերջին հնարավորությունը տա՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, փոխանցում է РБК-ն։
«Մեր արեւմտյան գործընկերներին վերջին հնարավորությունը կարող է տրվել, որպեսզի առաջարկենք նրանց կարճ ժամկետում ստիպեն Կիեւին խաղաղության գնալ եւ կատարել Մինսկի համաձայնագրերը»,- ասել է նա։
Միաժամանակ Նարիշկինը մատնանշել է, որ «հակառակ դեպքում Ռուսաստանը պետք է կայացնի այն որոշումը, որի մասին այսօր խոսվում է»։
Ի պատասխան՝ Պուտինը Նարիշկինին կրկին հարցրել է, թե ինչ է նշանակում «հակառակ դեպքում»։ «Դուք առաջարկում եք բանակցային գործընթա՞ց սկսել։ Թե՞ ճանաչել հանրապետությունների ինքնիշխանությունը»,- հարցրել է նախագահը։
«Ես աջակցում եմ ճանաչման առաջարկին»,- պատասխանել է Նարիշկինը։ Պուտինը խնդրել է նրան պարզաբանել՝ ապագայո՞ւմ, թե՞ արդեն «աջակցել է» ինքնահռչակ հանրապետությունների ճանաչմանը, եւ հորդորել է ուղիղ խոսել։ «Ես պաշտպանում եմ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտցնելու առաջարկը»,- ասել է Նարիշկինը։
Պետդուման փետրվարի 15-ի նիստին ձայների մեծամասնությամբ բանաձեւ ընդունեց, ըստ որի Կոմունիստական կուսակցության խմբակցության առաջարկած պալատի՝ Պուտինին ուղղված դիմումի նախագիծը Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման վերաբերյալ անմիջապես կներկայացվի պետության ղեկավարին։
Դիմումի նախագիծը հունվարի 19-ին Պետդումա էր ներկայացվել Կոմունիստական կուսակցության խմբակցության կողմից։ Փաստաթղթի համաձայն՝ Պետդուման դիմում է պետության ղեկավարին՝ խնդրանքով դիտարկել հռչակված հանրապետությունները «որպես ինքնուրույն, ինքնիշխան եւ անկախ պետություններ» ճանաչելու հարցը։ Տեքստում ասվում է, որ պատգամավորները ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը «հիմնավոր եւ բարոյապես արդարացված են համարում»: «Անցած տարիներին համաժողովրդական կամարտահայտման հիման վրա հանրապետություններում ժողովրդավարական մարմիններ եւ լեգիտիմ իշխանության բոլոր ատրիբուտներով պետություններ են կառուցվել»,- ասվում է տեքստում։





























