ԵՊՀ-ում հուլիսի 25-ին տեղի կունենա փոխըմբռնման հուշագրի ստորագրում ԵՊՀ-ում ժամանակակից հնդկական հետազոտությունների կենտրոն-ամբիոն բացելու վերաբերյալ:
ԵՊՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագրի ստորագրմամբ Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի (INDIAN COUNCIL FOR CULTURAL RELATIONS («ICCR»)) կողմից Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում կստեղծվի ժամանակակից հնդկական հետազոտությունների կենտրոն-ամբիոն:
Նորաբաց կենտրոն-ամբիոնում մեկ կիսամյակի ընթացքում Հնդկաստանից ժամանած պրոֆեսորը Արեւելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար դասախոսություններ կկարդա Հնդկաստանի ժամանակակից քաղաքակրթության եւ գրականության վերաբերյալ:
Համաձայնագիրն ուժի մեջ կլինի չորս տարի` յուրաքանչյուր տարում մեկ կիսամյակ, որի ընթացքում կկազմակերպվի նաեւ հրապարակային դասախոսություն: Մինչ այս համաձայնագիրը Երեւանի պետական համալասարանի եւ Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի (ICCR) միջեւ այլ համագործակցություններ եւս եղել են: Եվ այս հուշագրի ստորագրմամբ ամրապնդվում է ոչ միայն ԵՊՀ-Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի (ICCR) հարաբերությունները, այլեւ հայ-հնդկական վաղեմի բարեկամությունը:
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Մալհոտրան` պատվիրակության հետ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի ու Կրթության եւ գիտության նախարարություններից:




























