Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Սենթոփն այսօր Թբիլիսիում երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության նորացված փաստաթուղթ են ստորագրել:
Մուստաֆա Շենթոփը պաշտոնական այցով Վրաստան էր ժամանել փետրվարի 21-ին, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Թուրքական պատվիրակության կազմում ընդգրկված են տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող պատգամավորներ։
Փաստաթղթի համաձայն՝ կողմերը կնպաստեն կանոնավոր շփումների եւ երկկողմ այցերի ամրապնդմանը` օրենսդրական ակտերի մշակման եւ ընդունման փորձ ձեռք բերելու համար:
Կողմերը մտադիր են նաեւ խորհրդակցություններ կազմակերպել միջազգային փոխշահավետ հարցերի շուրջ, աջակցել միմյանց միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում, ամրապնդել երկխոսությունն ու համագործակցությունն այդ ոլորտում։
Կմշակվեն ուսումնական ծրագրեր եւ համագործակցության նախագծեր, որոնք պետք է նպաստեն փորձի փոխանակմանը Վրաստանի խորհրդարանի աշխատակազմի եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի վարչակազմի միջեւ:
Վրաստանը եւ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի մայիսի 21-ին։ Երկրները համագործակցում են առեւտրի, տնտեսության, էներգետիկայի, տարածաշրջանային անվտանգության, կրթության ոլորտներում եւ միմյանց ռազմավարական կարեւոր գործընկերներ են համարում:
Թուրքիան Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է։ Վրաստանի եւ Թուրքիայի արտաքին առեւտրաշրջանառությունը 2021 թվականի սկզբից մոտ 1.9 մլրդ դոլար է կազմել, ինչը Վրաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 14.8 տոկոսն է կազմում։





























