Ուկրաինայի՝ սեփական միջուկային զենք ստեղծելու սպառնալիքը դատարկ քաջություն չէ, նրանք խորհրդային պահուստներ ունեն, ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի մոտ զանգվածային ոչնչացման զենքի հայտնվելու դեպքում իրավիճակն աշխարհում, Եվրոպայում եւ Ռուսաստանում կտրուկ կփոխվի, Մոսկվան չի կարող չարձագանքել։
Նա խոսել է նաեւ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին։
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումն ուղիղ սպառնալիք է Ռուսաստանի անվտանգությանը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչները պնդում էին, որ Ուկրաինայի արեւելքում ակտիվ ռազմական գործողությունները չեն խանգարում երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, ասել է ՌԴ նախագահը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի մտնել ռազմական դաշինքներ, սակայն չի կարելի սեփական անվտանգությունն ամրապնդել այլ պետությունների անվտանգության հաշվին։ Ուկրաինական զորքերի կառավարման համակարգերն արդեն ինտեգրված են ՆԱՏՕ-ի հետ, դաշինքը սկսել է Ուկրաինայի տարածքի յուրացումը, ասել է Պուտինը։
Նախագահի խոսքով՝ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներ «ռուսական սպառնալիքի» հետ կապված իրենց բարդույթները բերեցին ՆԱՏՕ:





























