Հայաստանյան բոլոր եկեղեցիները վերականգնվում են միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժանմունքի համաձայնությամբ։ Հուլիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Գարեգին Բ-ի մամուլի խոսնակ Տեր-Վահրամ քահանա Մելիքյանը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չունի այնքան միջոցներ, որպեսզի վերանորոգի բոլոր վանքերն ու եկեղեցիները եւ այստեղ պետական հոգածություն է անհրաժեշտ»,- ասաց Մելիքյանն՝ ավելացնելով, որ այդ գործում օգնության ձեռք են մեկնում բարերարները։

Հարցին, թե ի՞նչ դեր է խաղում բարերարի ճաշակը շինության վերանորոգման ժամանակ, Մելիքյանը նշեց. «Մենք չենք կարող մեր առաջնահերթությունները եւ նախընտրությունները պարտադրել որեւէ բարեգործի։ Նրանք իրենք են ընտրում՝ որ եկեղեցուն օգնել եւ նրանց հետ համոզել չի հաջողվում։ Սակայն բոլոր նախագծերը մինչեւ կյանքի կոչվելը հաստատվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի կողմից»։

Հայ ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանն իր հերթին նկատեց, որ եկեղեցիները չեն վերականգնվում, այլ մոդեռնիզացվում են։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսաստանցի հայ բարերար Լեւոն Հայրապետյանի նախաձեռնությամբ սալիկապատվել էր Գանձասարի միջնադարյան վանական համալիրի պարիսպը։

Աշխատանքները դադարեցվել էին ԼՂՀ կառավարությանն առընթեր պատմական հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչության նախաձեռնությամբ։