Մինչեւ 2014 թվականը Դոնեցկի մարզում ավելի քան 100 հազար հայ էր ապրում, այժմ այդ ցուցանիշը մոտ կիսով չափ նվազել է։ Մինչ ռազմական գործողությունները դա Ուկրաինայի հայաբնակ ամենախիտ շրջանն էր։ Այս մասին փետրվարի 22-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը։
«Ընդհանուր առմամբ, Դոնեցկում եւ Լուգանսկում հայերի հետ կապված իրավիճակը նույնն է, ինչ մնացածի մոտ, նույնն է, ինչպես դա ներկայացնում են լրատվամիջոցներում։ Թեեւ ներկայիս խուճապը մի քիչ արհեստական է։ Իրականում կյանքը ընթանում է բնականոն հունով։ Իհարկե, խնդիրներ կան, եւ դրանք կապված են հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունների հետ։
Տեղեկություններ չկան, թե կոնկրետ որ հայերն են տարհանվել Ռուսաստան, բայց գիտենք, որ հայերի մեծ մասը շարունակում է մնալ մշտական բնակության վայրերում։ Հայերի մեջ վիրավորներ կամ զոհեր չկան: Մենք այդ տարածքներ ներթափանցելու հնարավորություն չունենք, ուստի հայերի հետ կապը մասնավոր մակարդակով է պահպանվում, հիմնականում՝ համայնքի ներկայացուցիչների, Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների հոգեւոր հովիվ Տեր Նարեկ Ամիրյանի, ընկերների ու ծանոթների միջոցով։
Մինչեւ 2014 թվականը Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում Ուկրաինայի հայերի միության տասնյակ կազմակերպություններ էին գործում՝ իրենց դպրոցներով, համայնքային կյանքը ծաղկում էր ապրում։ Այդ իրադարձություններից հետո տեղի հայերը համայնքային կառույցներ ստեղծեցին եւ հնարավորինս փորձում են լուծել ծագող խնդիրները։ Կարծում եմ, որ այնտեղ ապրող հայերի ներկայացուցիչների համար լավ է ցանկացած խաղաղ սցենար»,- ասաց Ռուբեն Մակարյանը։




























