Գերմանական Deutsche Welle հեռուստաընկերությունը (Deutsche Welle) եւ «Ամերիկայի ձայնը» հայտարարել են, որ չեն դիմի արտոնագրի համար Թուրքիայում, ինչպես դա պահանջում է երկրի ԶԼՄ-ների վերահսկման մարմինը, եւ այդ որոշումը կարող է դրանց կայքերի արգելափակման հանգեցնել, հայտնում է Reuters-ը։
Թուրքական ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունը կառավարությանը մոտ կանգնած է համարվում եւ տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա դաշնակիցների օգտին։ Թուրքերը նորություններ ստանալու համար ավելի հաճախ են սկսել սոցցանցերի եւ այլընտրանքային պարբերականների դիմել, որոնցից մի քանիսը պատկանում են օտարերկրացիներին, նշում է լրատվական գործակալությունը:
Երկուշաբթի RTUK-ը, որը պատասխանատու է հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ստուգման համար, Deutsche Welle-ին, «Ամերիկայի ձայնին» եւ Euronews-ին 72 ժամ տվեց՝ Թուրքիայում առցանց հեռարձակման լիցենզիա ստանալու հարցով դիմելու համար։
Deutsche Welle-ի գործադիր տնօրեն Պետեր Լիմբուրգն ասել է, որ այս քայլը միջազգային լրատվամիջոցները սահմանափակելու փորձ է՝ հավելելով, որ ընկերությունը այս որոշման կապակցությամբ թուրքական դատարան կդիմի:
«(Այս միջոցը) թուրքական իշխանություններին հնարավորություն է տալիս արգելափակել ամբողջ ծառայությունը՝ հիմնվելով առանձին քննադատական հաղորդագրությունների վրա, եթե այդ հաղորդագրությունները չհեռացվեն: Դա գրաքննության հնարավորություն կբացի»,- ասել է նա:
RTUK-ն, որի տնօրենների խորհրդում գերակշռում է Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ նրա դաշնակիցները, հաճախ կառավարությանը քննադատող հեռարձակողներին տուգանում է իրադարձությունների լուսաբանման համար: Վերջերս նա տուգանեց Tele1 հեռուստաընկերությանը ատելության խոսքի համար այն բանից հետո, երբ լրագրող Սեդեֆ Քաբասը հեռուստածրագրում պալատի հետ կապված ասացվածք օգտագործեց:
Քաբասը հայտնվեց բանտում՝ դատավարության սպասելով մեկնաբանությունների համար, որոնք, դատախազների կարծիքով, հավասարազոր էին նախագահին վիրավորելուն:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ մտավախություն կա, որ հեռարձակման լիցենզիան կստիպի գրաքննության ենթարկել «անբարենպաստ» նյութերը մամուլում:





























