Արարատի մարզում Ռանչպար-Մխչյան պոմպակայաններում պոմպերն արդեն շահագործման են հանձնված, իսկ շինաշխատանքների հիմնական մասն ավարտված է: Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում: Այս մասին նշվել է ասօր` հուլիսի 23-ին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի Արարատի մարզ կատարած այցի ընթացքում:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Գեւորգյանն այցելել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրում ընդգրկված Մասիս քաղաքի թիվ 6 եւ թիվ 2 դպրոցներ, որտեղ ընդհանուր առմամբ 41 մլն դրամ է նախատեսվել: Վերանորոգման աշխատանքներն ավարտված են Մասիսի թիվ 6 դպրոցում, թիվ 2 դպրոցում աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի:
Բաղրամյան գյուղի դպրոցում Ա. Գեւորգյանին ներկայացվեց վերակառուցման ծրագրի ընթացը, որի համար նախատեսվել է 16 մլն դրամ:
Այնուհետեւ փոխվարչապետը Փոքր Վեդի համայնքում ծանոթացել է «ՀՄՀ-Հայաստան»-ի ծրագրով իրականացվող համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցման ընթացքին, վերակառուցված ջրագծերի որակին: Նա ծանոթացել է նաեւ համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին: Մանկապարտեզը, որը ՀՀ նախագահի նախընտրական խոստումների ցանկից է, շահագործման կհանձնվի 2012 թվականին:
Փոխվարչապետն Արալեզ համայնքում ծանոթացել է ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցման աշխատանքներին եւ խիստ անբավարար համարել կատարված աշխատանքների որակը` հանձնարարելով ՊՈԱԿ-ի տնօրինությանն առավելագույնը մեկ ամիս ժամկետում պարտադրել կապալառու ընկերությանը վերացնել ի հայտ եկած թերությունները` հակառակ դեպքում կիրառել անորակ աշխատանքների դեպքում նախատեսված պատժամիջոցները ողջ ծավալով:




























