Հայաստանը մեծապես կարեւորում է հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Այս մասին հայտարարել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը` հուլիսի 25-ին այդ երկրի ԱԳ նորանշանակ նախարար Ադնան Մանսուրի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը Ադնան Մանսուրին է փոխանցել Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական նամակը՝ Լիբանանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Երկուստեք ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման, առկա իրավական դաշտի թարմացման, միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցության, առեւտրատնտեսական հարաբերությունների եւ զբոսաշրջության ակտիվացման անհրաժեշտությունը:
Նախարար Ադնան Մանսուրը համոզմունք է հայտնել, որ բարձրաստիճան պատվիրակությունների, մասնավորապես ԱԳ նախարարների փոխայցելությունները եւ արտաքին գերատեսչությունների խորհրդատվությունների անցկացումը նոր լիցք կհաղորդեն եւ որակական նոր մակարդակի կհասցնեն երկկողմ ջերմ եւ բարեկամական հարաբերությունները: Նա բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը Լիբանանի քաղաքական կյանքում:
Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը ներկայացրել է մանրամասներ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող վերջին զարգացումների մասին: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ:
Մինչ այդ, հուլիսի 23-ին Աշոտ Քոչարյանը հանդիպել է նաեւ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի ներքաղաքական վիճակին, հայ լիբանանյան հարաբերությունների ներկա փուլին, երկու բարեկամ երկրների խորհրդարանների համագործակցության աշխուժացման հեռանկարներին առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ առաջիկայում Լիբանանի խորհրդարանի նախագահի Հայաստան կատարելիք հնարավոր այցի մանրամասները:



























