Տավուշի մարզի «Սարկուտ» կոչվող հանդամասում (Նոյեմբերյան քաղաքից 29 կմ հեռավորության վրա) հուլիսի 25-ին «ԳԱԶ-66» բեռնատարը գլորվել է ձորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մահացել է մի տղամարդ ու մանկահասակ մի երեխա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Նոյեմբերյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի 9 հրշեջ-փրկարար եւ Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-66» մակնիշի 58 ԼՏ 259 համարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ Վահան Երգենյան) գլորվել է ձորը, ինչի հետեւանքով զոհվել են 2 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 11 քաղաքացի, որոնց, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղի բնակիչները հանել են ձորից, իսկ «1-03» ծառայության ուժերը տեղափոխել Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոց:

Ծանր վիրավորներին Երեւան տեղափոխելու համար, Նոյեմբերյան քաղաք է մեկնել ՀՀ զինված ուժերի ուղղաթիռ (4 զինվորական բժիշկներով):
Պատահարի հետեւանքով զոհվել են 37-ամյա Արմեն Քարիմյանը եւ 3 ամսական Սերգեյ Աբրահամյանը:

Տուժածներն են. 15-ամյա Անժելա Քարիմյանը, 26-ամյա Վահան Երգենյանը եւ 30-ամյա Նունե Միքայելյանը գտնվում են Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոցում, որոնց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է կայուն-ծանր:

Ուղղաթիռով Երեւան են տեղափոխվել եւ տարբեր հիվանդանոցներ հոսպիտալացվել 6 տուժածներ` 29-ամյա Դոնարա, 9-ամյա Հեղինե եւ 3-ամյա Գոռ Երգենյանները, 28-ամյա Հայարփի Պետրոսյանը, 51-ամյա Ռաշիդ Ոսկանյանը եւ 30-ամյա Ալլա Բարսեղյանը, որոնց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

«1-03» ծառայության ավտոմեքենաներով Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 4-ամյա Կարեն Աբրահամյանը եւ 24-ամյա Արթուր Քարիմյանը, որոնց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է համապատասխանաբար` ծայրահեղ ծանր եւ ծանր: