«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը միջազգային «Մեխանոբր» ընկերությանը պատվիրել է պատրաստել «ԱՊՄԿ» ՓԲԸ արտադրության վերակառուցման նախագիծը:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից, Ագարակի կոմբինատի վերակառուցման նախագիծը պարտաստ կլինի նոյեմբեր ամսվա վերջին: Ֆաբրիկայի համար նորացումը անհրաժեշտ է վերամշակման հզորությունները եւ կորզման տոկոսը բարձրացնելու համար:
«Մեխանոբր ինժենիրինգ» ընկերությունը ստեղծվել է «Մեխանոբր» ինստիտուտի նախագծային եւ գիտական բաժինների հիման վրա եւ ունի 88-ամյա գործունեության փորձ, որն ընդգրկում է 250 լեռնա-հարստացուցիչ ձեռնարկությունների համար նախագծման եւ տեխնոլոգիական լուծումների աշխատանքներ ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ ԱՊՀ եւ այլ երկրներում (Ալժիր, Անգոլա, Բուլղարիա, Հնդկաստան, Չինաստան, Կոնգո, Մոնղոլիա, Մյանմա):
Հիշեցնենք, որ հունիսի 26-ի ՀՀ կառավարության արտագնա նիստում, Սյունիքի մարզում որոշում ընդունվեց «ԱՊՄԿ» ՓԲԸ-ին չորս տարի ժամկետով 14 միլիոն ԱՄՆ դոլար բյուջետային վարկ տրամադրելու մասին:
Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը ամսական արտադրում է 2,5000 պղնձի խտանյութ, որում պղնձի պարունակությունը կազմում է 26 տոկոս եւ 40 տոննա մոլիբդեն, 51 տոկոս մոլիբդենի պարունակությամբ:




























