Սկսած 2005 թվականից՝ Հայաստանում մանկական թրաֆիքինգի 5 դեպք է արձանագրվել, որոնց արդյունքում տուժել է վեց երեխա։ Հուլիսի 27-ին կայացած Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության ռեսուրսային կենտրոնի փաստաբան Դավիթ Թումասյանը։ Նրա խոսքով, 2011 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ են մտել Հայաստանի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք խստացրել են մանկական թրաֆիքինգի համար պատժաչափը։

Փաստաբանի տվյալներով, հինգ դեպքից երեքում դատարանն արդեն վճիռ է կայացրել։ Երկու մեղադրյալներ դատապարտվել են 7 տարվա ազատազրկման, եւս մեկը՝ 10 տարվա, մեկ գործ գտնվում է դատաքննության, մեկ այլ գործ՝ քննության փուլում։

«Այսուհետ մանկական թրաֆիքինգի համար նախատեսվում է 7-15 տարվա ժամկետով ազատազրկում, ինչպես նաեւ ունեցվածքի առգրավում, որոշ պաշտոնների եւ որոշակի գործունեություն ծավալելու անհնարինություն»,- ընդգծեց նա։

Ռուս լրագրողի դիտարկմանը, թե 6 տարվա ընթացքում թրաֆիքինգի 5 դեպքն այնքան էլ մեծ թիվ չէ, Թումասյանը պատասխանեց, որ մանկակական թրաֆիկինգի դեպքում լուրջ թիվ է նույնիսկ մեկ դեպքը, եւ եթե դեպքերը ժամանակին չկանխարգելվեն, հանցավորության միտումը կավելանա։

Փորձագետի խոսքով, թրաֆիքինգի զոհ դառնում են ռիսկային խմբի նեկայացուցիչները՝ անապահով ընտանիքների երեխաներ, թափառաշրջիկներ, հատուկ դպրոցների սաներ եւ այլն։